«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը հունիսի ս.թ. 22-ին «Արմենիա Մարրիոթ» հյուրանոցի «Էրատո» սրահում կազմակերպել էր քննարկում նվիրված «Լոբբիստական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը: Զեկույցներով հանդես եկան «Ինտերնյուս-Հայաստան» ՀԿ իրավաբանական ծառայության ղեկավար Դավիթ Սանդուխչյանը, ՀՀ արդարադատության փոխնախարար Աշոտ Աբովյանը և «ՏԶԿ/ԹԻ-Հայաստան» գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը:

ՀՀ կառավարությունը տվյալ օրինագծի անհրաժեշտությունը հիմնավորում է այն հանգամանքով, որ այն նախատեսվել է «Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրով»: Մինչդեռ տեղական և միջազգային փորձագետների կարծիքով տվյալ օրինագիծը ոչ միայն չի նպաստում կոռուպցիայի կանխարգելմանը Հայաստանում, այլև կոռուպցիոն նոր դրսևորումների հնարավորություն է ընձեռում և սահմանափակում է հանրային մասնակցության ու շահերի պաշտպանության հնարավորությունները: