a1plus.am-ն անդրադարձել է ս.թ. հուլիսի 7-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամուլի ասուլիսին, որի ընթացքում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը խոսել է նաև քվեարկության օրը տեղի ունեցած վարչական ռեսուրսի կիրառման մասին` ներկայացնելով Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսավորմամբ ԹԻՀԿ իրականացված «Ընտրական թվերի էլեկտրոնային մոնիտորինգ» ծրագրի արդյունքները:

ԹԻՀԿ ծրագրով որոշվել է թե ինչքան է տևում մեկ հոգու քվեարկություն կատարելու ժամանակահատվածը: Պարզվել է, որ ամենաարագ տարբերակում քվեարկությունը տևում է 50վ: Իսկ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 181 ընտրատեղամասում 50վ արագությունը գերազանցվել է, իսկ այդպիսի արագությամբ ֆիզիկապես հնարավոր չէր քվեարկել:

ԹԻՀԿ-ը նախընտրական քարոզարշավի մեկնարկից սկսած վարչական ռեսուրսի չարաշահման բազմաթիվ դեպքեր է արձանագրել։ Հոկտանյանի խոսքով՝ հիմնականում իշխող Հանրապետական կուսակցությունն է չարաշահումներ թույլ տվել։

«Վարչական ռեսուրսի չարաշահումն այլ երկրներում լինում է մինչ քվեարկությունը, իսկ Հայաստանում վարչական ռեսուրսն օգտագործում են նաև քվեարկության օրը: Ստացվում է, որ ցուցակները չեն մաքրվել, իսկ ցուցակների ուռճացված լինելը պայմանավորված էր կեղծ ընտրողներով»:

Վարուժան Հոկտանյանը նշել է. «Եթե չլինեին այսքան անճշտություններ, ընտրակաշառքի բաժանման դեպքեր, ապա Հանրապետականը կայուն մեծամասնություն չէր կազմի, և շատ ձայներ կհավաքեին այլ կուսակցություններ»:

Վարուժան Հոկտանյանը համոզված է, որ ընտրությունների այս պատկերը խոսում է թույլ ընդդիմություն ունենալու մասին. «Եթե կուսակցությունների կողմից լիներ ուժեղ վերահսկողություն, ապա կեղծիքները քիչ կլինեին»: