Էմիլ Դանիելյան

Վերջին տարիների շինարարական բումը Հայաստանում տնտեսական աճի տեմպերը պահպանել է երկնիշ թվերի մակարդակի վրա` միաժամանակ մերկացնելով օրինականության ապահովման և աճող սոցիալական անհավասարության հետ կապված մի շարք լուրջ հիմնախնդիրներ: Հարյուրավոր քաղաքացիներ ստիպված էին ազատել սեփական բնակարանները, որոնք այնուհետև քանդվում էին և տեղ բացում բնակելի և գրասենյակային էլիտար շենքերի համար: Ոմանք դիմադրություն էին ցույց տալիս վտարմանը` կազմակերպելով բողոքի ցույցեր, հայտարարելով հացադուլ և անգամ սպառնալով ինքնասպանություն գործել:

Քաղաքացիական հասարակության տեղական կազմակերպությունները, ԶԼՄ-ները և ընդդիմադիր քաղաքական գործիչները հայտարարում են, որ շինարարական ծրագրերը, որոնք հիմնականում կենտրոնացված են երկրի մայրաքաղաք Երևանում, իրականացվում են սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքների լուրջ խախտումներով: Նրանք պնդում են նաև, թե դրանց հիմքում ընկած է պետության ամենաբարձր օղակներում առկա կոռուպցիան:

«Շինարարությունն, անշուշտ, իր ներդրումն է կատարում Հայաստանում կոռուպցիայի աճի մեջ»,- ասել է հայտնի հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանը, որն արդեն երկար տարիներ զբաղվում է այդ խնդրի լուսաբանմամբ: Հայաստանյան մի հասարակական կազմակերպության կողմից անցյալ տարի կատարված հասարակական կարծիքի հարցումը ցույց տվեց, որ Երևանի բնակիչների 70%-ը համամիտ է այդ տեսակետին:

Գործընթացի անաչառությունը հարցականի տակ է դրվել անգամ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից: Սակայն Քոչարյանն ու իր վարչակազմը շարունակում են պնդել, թե ընթացող շինարարական զարգացումները պարզապես օրհնանք են աղքատացած երկրի համար, որը դեռևս շարունակում է տառապել 1991թ. ԽՍՀՄ փլուզման տնտեսական հետևանքներից: Եվ իրոք, շինարարությունն այսօր Հայաստանի տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղն է, որի աճը 2005թ. կազմել է մոտ 14%: Պաշտոնական վիճակագրության համաձայն, 2005թ. շինարարության ընդհանուր գումարային ծավալն աճել է 35%-ով` կազմելով մոտ 1 մլրդ դոլար, ինչը հինգ անգամ գերազանցում է տասը տարի առաջ գրանցված ցուցանիշը:

Շինարարությունը, որն այսօր ապահովում է ՀՆԱ-ի շուրջ մեկ հինգերորդ մասը, ընդլայնվում է էլիտար բնակարանների և օֆիսային տարածքների բարձր պահանջակի շնորհիվ: Այսօր Երևանում կառուցվում են տասնյակ ժամանակակից բարձրահարկ շենքեր, որոնցից շատերը գտնվում են քաղաքի կենտրոնում արևմտյան ոճով նախագծված առևտրային թաղամասում` հին և մեծ մասամբ խարխուլ շենքերի տեղում: Այդ շենքերի մոտ բոլոր 500 բնակիչները սիպված էին տեղափոխվել իրենց բնակարաններից` չորս տարի առաջ 150 մլն դոլար արժողությամբ նոր կառուցապատման ծրագրի մեկնարկից հետո: Դրանցից շատերը դժգոհություն են հայտնում իրենց պատկանող անշարժ գույքի համար պետությունից ստացված փոխհատուցումից: Հայտնի է, որ մեկ քառակուսի մետրի դիմաց նրանք ստացել են մինչև 300 ԱՄՆ դոլար` գումար, որը համատեղելի չէ նոր բարձրորակ բնակարանների գների հետ, որոնք սովորաբար սկսվում են մեկ քառակուսի մետրի համար 1000 ԱՄՆ դոլարից:

Քանդված շենքերի դժգոհ նախկին սեփականատերերը համոզված են, թե պետական պաշտոնյաները գրպանել են անշարժ գույքի հետ կապված ծրագրերը մշակած գործարարների կողմից պետական հողերի համար վճարված գումարների մեծ մասը: Քաղաքային իշխանությունները շարունակ հերքում են այդ մեղադրանքները` պնդելով, թե տեղահանված բնակիչների մեծամասնությունը գոհ է ստացված փոխհատուցումից:

Սակայն դա դժվար թե այդպես է Երևանի կենտրոնում ձգվող փողոցներից առնվազն մեկի բնակիչների համար, որոնք կատաղի դիմադրություն են ցույց տվել նոր շինարարությանը: Անցյալ տարվա ամռանը իշխանությունները ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանում էին ուղարկել այդ թաղամաս` զայրացած բնակիչների կողմից կանգնեցված բարիկադները վերացնելու նպատակով: Կառավարությունը չզիջեց անգամ, երբ չորս կին բողոքի հացադուլ հայտարարեցին` հուսահատաբար փորձելով կանխել վտարումը: Դրանից հետո քանդման ենթարկվեց Բյուզանդի փողոցի ամբողջ ձախ թևը, որն այսօր իրենից մի ահռելի շինարարական հրապարակ է ներկայացնում: Վերջին շենքն այնտեղ քանդվեց փետրվարի 23-ին` բնակիչների կողմից իրենց ունեցվածքը ոստիկանության և հարկադիր կատարման ծառայության աշխատակիցների զգոն հսկողության ներքո տեղափոխելուց անմիջապես հետո:

Միհրան Սաֆյանը երևի թե պետք էր «դեժա վյուի» զգացում վերապրեր կատարվածը դիտելիս: 30-ամյա տղամարդը, իր ծնողները, եղբայրը, կինը և փոքր երեխան նույն կերպ վտարվել էին նշված թաղամասից մեկ տարի առաջ: 31,000 ԱՄՆ դոլար փոխհատուցումը 200 քառակուսի մետր տարածք ունեցող շինության համար դժվար թե բավական կլիներ քաղաքի ծայրամասում երկու սենյականոց բնակարան գնելու համար: Ընտանիքը հրաժարվում է ընդունել առաջարկվող գումարը` հուսալով, որ Մարդու իրավունքների հարցերով եվրոպական դատարանն իրեն կօգնի ավելի բարձր փոխհատուցում ստանալ: «Մենք ավելի արդար վճռի հույս ունենք և շարունակելու ենք մեր ունեցվածքի ավելի արդար գնահատում պահանջել,-ասում է Սաֆյանը,- մեր կառավարությունը, երևի թե, կատակում է»:

Փաստաբան Վահե Գրիգորյանը, որը Սաֆյաններին և մի շարք այլ ընտանիքներին օգնել էր Ստրասբուրգյան դատարան հայցեր ուղղելու գործում, անցյալ տարվա հոկտեմբեր ամսին ձերբակալվեց խարդախության մեղադրանքով, ինչը ինքը և տեղական իրավապաշտպան կազմակերպությունները համարում են բացահայտ կեղծիք: Փետրվարին Գրիգորյանն ազատ արձակվեց մինչև դատավարության մեկնարկը:

ՀՀ Սահմանադրության համաձայն մասնավոր սեփականությունը կարող է առգրավվել միմիայն «օրենսդրությամբ սահմանված բացառիկ դեպքերում» — «համապատասխան փոխհատուցման» տրամադրման պայմանով: Սակայն շինարարական աշխատանքները Երևանում կարգավորվում են կառավարության որոշումներով: Քննադատները, որոնց թվում է մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը և ընդդիմության առաջնորդները, ասում են, թե անօրինական է ողջ գործընթացը: Այս տարի «Արդարություն» ընդդիմադիր դաշինքը փորձեց այս խնդրի շուրջ խորհրդարանական հարցում ուղղել Սահմանադրական դատարան, սակայն նրան չհաջողվեց հավաքել դրա համար անհրաժեշտ` Քոչարյանի հսկողության տակ գտնվող Ազգային Ժողովի առնվազն 27 պատգամավորների ձայները:

Ոչ պակաս խնդրահարույց էր թափանցիկության բացակայությունը կառուցապատողների միջև քաղաքային հողերի բաշխման գործընթացում: Քաղաքապետարանի կողմից անցկացված աճուրդներից ընդամենը մի քանիսի մասին միայն ՀՀ օրենսդրությանը համապատասխան մեկ ամիս առաջ հայտարարվեց ԶԼՄ-ներում: «Դուք չեք գտնի որևէ մեկին Երևանում, որը հողային աճուրդներն արդար է համարում»,- հայտարարեց Քոչարյանը հունվարի 20-ին` նկատի ունենալով Երևանի քաղաքապես Երվանդ Զաքարյանին և վերջինիս օգնականներին և փաստորեն կոռուպցիայի մեղադրանքներ ներկայացնելով նրանց:

Այնուամենայնիվ, այդ ամենի արդյունքում որևէ պետական պաշտոնյա պատժի չենթարկվեց: «Քոչարյանն այդպես ոգևորված է խոսում, որովհետև ոչ ոք Երևանի կենտրոնում հող չի ստանում առանց նախագահական վարչակազմի թույլտվության,- ասել է լրագրող Բաղդասարյանը,- շինարարությամբ զբաղվող բոլոր խոշոր կազմակերպությունները հզոր հովանավորներ ունեն կառավարությունում»:

Այս խնդրին առնչվող մանրամասն զեկույցում, որը հրապարակվել է փետրվարի սկզբին, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը իշխանություններին կոչ է արել կոռուպցիայի դեմ պայքարի պետական ծրագրի շրջանակներում ընդգրկել արագ աճ ապրող շինարարական հատվածը: Զեկուցում եզրակացություն էր արվում, որ կառավարությունը դեռևս չունի քաղաքական կամք «կոռուպցիոն գործարքների համար այդքան բերրի հող հանդիսացող» քաղաքի կառուցապատման հետ կապված հիմնախնդիրները հանգուցալուծելու համար:

«Հայաստանում դեռևս չի գրանցվել որևէ դեպք, երբ կառուցապատման վրա կարողանար ազդել հասարակական կարծիքի պաշտոնական կամ ոչ պաշտոնական դրսևորումը»,- ասված էր զեկույցում:

Խմբագրության կողմից` Էմիլ Դանիելյանը երևանաբնակ լրագրող և վերլուծաբան է: