2016թ․ դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովը փոփոխություններ է կատարել «Գնումների մասին» օրենքում՝ ՀՀ նախագահի, վարչապետի և Ազգային ժողովի նախագահի արարողակարգային ծախսերը դարձնելով պետական գաղտնիք։ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում, անդրադառնալով արարողակարգային ծախսերի գաղտնիացմանը, նշել է. «Ելնելով անվտանգության նկատառումներից պետք չէ, որ հայտնի դառնա, թե որ ընկերությունն է ծառայություն մատակարարել բարձրաստիճան պաշտոնյաներին։ Սակայն հաշվի առնելով, որ մենք հարուստ երկիր չենք և հարուստ բյուջե չունենք, չեմ կարծում, որ ծախսված գումարը ևս պետք է գաղտնի լինի։ Պետք է գտնել մեխանիզմ, որը թույլ կտա առանց մատակարարողին բացահայտելու՝ իմանալ ծախսված գումարի չափը», - նշել է Հոկտանյանը՝ հավելելով, որ, կոռուպցիոն ռիսկերը մեծամասամբ կապված են հենց մատակարարների հետ, թե ինչ ընկերություններ են և ովքեր են դրանց սեփականատերերը։

Հոկտանյանի խոսքով՝ կարևոր է, որ ծախսերի գաղտնիացման այս քայլերը զանգվածային չդառնան և չտարածվեն պետական այլ մարմինների ծախսերի վրա ևս։

Տես ՍիվիլՆեթի նյութը