Ոտնահարված աշխատանքային իրավունքներ․ ՀՀ-ում աշխատողների 50 տոկոսը պայմանագիր չունի
ՍԱՍ ընկերության տնօրինության կողմից խորհրդարանական ընտրություններից առաջ հրավիրված ժողովը ապացուցել է անհերքելին․ՀՀ-ում համատարած կերպով ոտնահարվում են աշխատողների իրավունքները։ Ինչո՞ւ մարդիկ հետամուտ չեն լինում իրենց աշխատանքային իրավունքների պաշտպանությանը, որո՞նք են առաջնային հիմնախնդիրները և ի՞նչ պետք է անել դրանք լուծելու համար: Այդ կապակցությամբ Factor.am-ի հետ զրույցում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը նշել է, որ աշխատողը գործատուին ընկալում է որպես իր հացն ապահովող, իսկ գործատուն աշխատողին` որպես իր սեփականություն և նրան առաջարկում է այնպիսի պայմաններ կամ նրա վրա դնում է այնպիսի պարտականություններ, որոնք հեռու են աշխատանքային իրավահարաբերությունների շրջանակից, որոնք նախատեսված չեն աշխատողի աշխատանքային պայմանագրով, բայց աշխատողը դրանք լռելյայն կատարում է, որովհետև չկատարումը կարող է բերել բացասական հետևանքների:
Ըստ Հերիքնազ Տիգրանյանի` օրենսդրության մեջ պետք է փոփոխություն կատարվի և արհմիություններին տրվի իրավական լծակ, այն է` աշխատողի և գործատուի անհատական վեճի դեպքում (կարգապահական տույժ, աշխատանքից ազատում) արհմիությունը պետք է ունենա կարծիք հայտնելու իրավունք: Մինչդեռ այսօր արհմիությունը որևէ իրավական լծակ չունի ազդելու գործատուի որոշման վրա: