Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Ընտրության առարկա» հաղորդման հյուր Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու, ընտրական իրավունքի փորձագետ Հերիքնազ Տիգրանյանը քննարկում է նոր սահմանադրական կարգն ու հասարակական տրամադրությունները: Ըստ Տիգրանյանի` այս ընտրությունը համարում են մի քայլ առաջ, բայց որոշ առումներով այն կես կամ երկու քայլ հետ է: Տեղի ունեցավ կանխորոշված քվեարկություն, որովհետև ընտրողի կամքն ուղղակի գնված էր: Երբ ընտրողն ունի որոշակի պայմանավորվածություն և կաշկանդված է, օրինակ, խոստում է տվել, կամ նրան տվել են որոշակի խոստում, և ինքը ակնկալիքներ ունի այն անձի նկատմամբ, ում ձայն պիտի տա, որպես կանոն, իր խոստումը չի դրժում քվեախցում:

Սահմանադրական հանրաքվեի ընտրակեղծիքների հարցերով 21 գործ մտել էր դատարան, սակայն ընտրակեղծարարների նկատմամբ ամենամեղմ պատիժն է կիրառվել: Ըստ Հերիքնազ Տիգրանյանի` մենք չենք տեսնում իրական պատվիրատուներին: Դժվար որևէ մեկը սեփական նախաձեռնությամբ կգնար ընտրակեղծարարության, իմանալով, որ ինքը կենթարկվի քրեական պատասխանատվության: ԹԻՀԿ կայքում կա ընտրակեղծարարների պատ, որում ընտրակեղծարարների գերակշեռ մասը ցավոք կա՛մ դպրոցի մանկավարժական կազմից են, կա՛մ մանկապարտեզի տնօրեններ են: