Հատուկ քննչական ծառայությունը «Չորրորդ իշխանություն» թերթի ապրիլի 13-ի համարում տեղ գտած «Կգնաք Փարիզ, փող կտանք, ընտրողներին էլ կտանք, չէ՝ կտուգանենք ու հինգ անգամ ավելի վատ կվերաբերվենք» հրապարակման հիման վրա քրեական գործ է հարուցել «ՍԱՍ» ընկերության ժողովի ժամանակ արված ու Hayastan24.com կայքում հրապարակված ձայնագրության առթիվ։ «Ազատության» հետ զրույցում այդ կապակցությամբ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը նշել է, որ քրեական գործը պետք է հարուցվեր երկու հոդվածներով:

Նրա կարծիքով` ձայնագրություններում բացի ՀՀ քրեական օրենսգրքի 154 պրիմ 2 հոդվածից կան նաև 149 հոդվածի հատկանիշներով նախատեսված արարքներ, ինչը նշանակում է, որ ընտրողի ազատ կամքի իրականացման նկատմամբ կատարվել է խոչընդոտում: Խոչընդոտումը կարող է լինել սպառնալիքով, ծառայողական հարաբերությունների օգտագործմամբ ընտրողին փորձել են ուղղորդել կամ դրդել կատարելու ոչ թե իր կամքի ազատ արտահայտմամբ ընտրություն, այլ իրենց համար ցանկալի քվեարկություն: «Տեսնենք, եթե անգամ քննության ընթացքում արարքը չվերաորակվի կամ նոր հոդված չավելանա, գոնե 154-ի պրիմ 2 հոդվածը չվերաորակվի, որովհետև ակնհայտ է, որ այս դեպքում իսկապես տեղի է ունեցել ընտրողների նկատմամբ որոշակի հարկադրում», - հավելել է Տիգրանյանը:

Հիշեցնելով, որ ձայնագրությունում խոսող տղամարդը ծառայողական հարաբերություններն օգտագործելով հարկադրում է ընտրողներին՝ որոշակի խոստումներով, օրինակ՝ շրջագայություն, պաշտոնի առաջխաղացում, ինչպես նաև սպառնալիքներով, Հերիքնազ Տիգրանյանը փաստել է՝ դա հենց օրենսգրքի վերոհիշյալ հոդվածով նախատեսված արարք է:

«Ելնելով զուտ մեր իրավական պրակտիկայից, պիտի երևի գոհանանք նրանով, որ գոնե արարքը ընդհանրապես որակվել է քրեական օրենսգրքի որևէ հոդվածով, կամ իրավապահ մարմինները հետամուտ են եղել գործի քննությանը: Եթե անգամ միայն այս հոդվածով շարունակվի գործի քննությունը և հասնի տրամաբանական ավարտին, այսինքն տեղի ունենա դատապարտում, պիտի արձանագրենք, որ իրավապահ մարմիններն արձանագրել են գոնե մեկ դրական գործընթաց», - ասել է Տիգրանյանը:

Տես նյութը «Ազատությունում»: