Համաձայն Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի` ամեն ոք ունի համոզմունքները ազատորեն արտահայտելու իրավունք: Աշխարհի տարբեր վայրերում սույն հիմնարար իրավունքը խախտվում է կասկածելի օրենսդրությամբ, գրաքննությամբ, հալածանքներով, սպառնալիքներով, անգամ մահվամբ: Լրագրողների պաշտպանության կոմիտեն հաշվարկել է, որ 1992-ից ի վեր իրենց աշատանքի բերումով ուղղակի պատժամիջոցների արդյունքում սպանված 734 լրագրողների 20,3 տոկոսը հանդես էր եկել կոռուպցիայի վերաբերյալ հաղորդմամբ:

Ավելին, որոշ երկրներում լրագրողների հանդեպ ֆիզիկական բռնության, անգամ սպանության դեպքերը հազվադեպ են հետաքննվում կամ դառնում դատական քննության առարկա: Այն լրագրողները, ովքեր ջանում են բացահայտել տնտեսական կամ քաղաքական կոռուպցիան, դա իրականացնում են անձնական մեծ ռիսկի գնով: Լրագրողների նկատմամբ բռնությունները հաճախ իրականացվում են անպատժելիության մթնոլորտում` պայմանավորված քաղաքական կամ գործարար խիստ վտանգավոր շահերով, դատավորների ու ոստիկանության կոռումպացվածությամբ:

Ազատ մամուլը խոսում է նրանց անունից, ովքեր չեն կարող դա անել: Լրագրողները կոռուպցիայի զոհերի աչքերը, ականջներն ու ձայնն են: Մենք ապավինում ենք նրանց` ջանալով հասնել հաշվետվողականության հաստատմանը, կանխել անպատիժ մնացող ոճրագործությունները և նպաստել թափանցիկությանը` աջակցելով քաղաքացիներին` կայացնելու իրազեկված որոշումներ: