Ս.թ. հունիսի 13-ին Բնապահպանական տեղեկատվության հասարակական կենտրոնում (Օրհուսի կենտրոն) «ՏԶԿ/ԹԻ -Հայաստան» ՀԿ-ն կազմակերպեց Էկոլոգիական հասարակական դաշինքի հանդիպում` քննարկելու Երևան քաղաքի կառավարման համակարգի վերաբերյալ ՀՀ կառավարությանը ներկայացված առաջարկները և դրանց առնչվող էկոլոգիական խնդիրները: Քաղաքաշինության տեսանկյունից մայրաքաղաքի կառավարման առաջարկվող մոդելների հնարավոր հետևանքները ներկայացրեց «Երևաննախագիծ» ինստիտուտի տնօրեն Գուրգեն Մուշեղյանը: Դաշինքի անդամ կազմակերպությունները ճնշող մեծամասնությամբ դեմ արտահայտվեցին Երևան քաղաքի մասնատման հայեցակարգին` հաշվի առնելով դրա հնարավոր կործանարար ազդեցությունը քաղաքի կենսագործունեությունն ապահովող բոլոր համակարգերի վրա: ՀԿ-երը որոշեցին դիմել «Երևան քաղաքի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման համար ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովին` վերջինիս աշխատանքներին Դաշինքի ներկայացուցիչներին ներգրավելու խնդրանքով: