«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն անդրադարձել է վարչական ռեսուրսի չարաշահմանը և այլ մտահոգիչ խախտումների: Հայաստանի 2017թ. խորհրդարանական ընտրություններում վարչական ռեսուրսի չարաշահման մոնիտորինգ ծրագրի մեթոդաբանությամբ նախատեսված է լրատվամիջոցների նյութերի հավաքում, օրենսդրական և կարգավորիչ ռեսուրսի չարաշահման վերլուծություն, Երևանում և 12 քաղաքներում մոնիտորների կողմից խախտումների արձանագրում:

Ըստ Հոկտանյանի` առաջին անգամ է ԿԸՀ-ն արձանագրել է խախտումներ, բայց պետք է հետևողական լինել: Իրավապահ մարմինների կողմից վարչական ռեսուրսի չարաշահումը չնկատելը մասսայական բնույթ է կրում. նրանք ահազանգողներից են պահանջում փաստեր գտնել` փոխանակ փաստերն իրենք գտնելու: Սա ոչ պրոակտիվ մոտեցում է և անուղղակի քաղաքական կամքի բացակայության խնդիր: Խնդրահարույց են բռնության դեպքերը: Հոկտանյանը գտնում է, որ մտահոգիչ է նաև այն մթնոլորտը, երբ ընտրողը չի տեսնում դրա վտանգավորությունն ու վնասը: Ընտրական ինստիտուտը մահանում է, երբ ընտրողն ակնկալում է ընտրել միայն փողով:

Քանի որ քվեարկության օրը լինելու է մեծ ծավալի դիտորդություն, փորձ է արվելու ընտրակաշառքի, սպառնալիքների, ճնշումների և այլ լծակների միջոցով ամեն ինչ անել մինչև քվեարկությունը: