Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Ամալյա Կոստանյանը ս.թ. հունվարի 12-ից 16-ը այցելել է Վաշինգտոն` մասնակցելու Բաց հասարակության ինստիտուտի կողմից կազմակերպված «Քաղաքացիական հասարակության դերը դոնոր կազմակերպությունների ծրագրերում» աշխատանքային հանդիպմանը: Միջոցառմանը մասնակից աշխարհի տարբեր երկրների քաղաքացիական հասարակության և դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներն արծարծել են զարգացման նպատակով տրամադրված օգնության արդյունավետության առնչվող հիմնախնդիրներ:

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հանդես են եկել դոնոր կազմակերպությունների ծրագրերի մոնիտորինգին մասնակցության իրենց փորձի ներկայացմամբ: Դոնորներն իրենց հերթին բացատրել են, թե ինչպես են իրենց կազմակերպությունները կամ ծրագրերը միավորել քաղաքացիական հասարակությանը Հազարամյակի Մարտահրավեր Կորպորացիայի, Համաշխարհային Բանկի Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի, Բաց հասարակության ինստիտուտի ու ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի ծրագրի նախագծման, կատարման և մոնիտորինգի իրականացման աշխատանքներում:

Ամալյա Կոստանյանը Բաց հասարակության ինստիտուտի Օժանդակության հիմնադրամ-Հայաստան կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի հետ մի շարք հանդիպումներ է անցկացրել ԱՄՆ պետական դեպարտամենտի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Հազարամյակի Մարտահրավեր Կորպորացիայի, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի հանձնաժողովի և Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչների հետ: