Ինչպես համապետական, այնպես էլ ՏԻՄ ընտրություններում իշխանության ղեկին գտնվող կուսակցությունն ունի ամենաշատ ռեսուրսներն ու հնարավորություններն իր հաղթանակն ապահովելու համար: Քաղաքական հայտ ներկայացնող կուսակցությունը չի կարող ակտիվանալ միայն համապետական ընտրությունների շրջանում: Ըստ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանի` ընդդիմադիր կուսակցությունները շատ հարցերում ձախողել են, քանի որ միայն իրենց տված ձայները պահելը բավարար չէ:

Ամբողջ ընտրական պրոցեսը պետք է արդար լինի, որպեսզի ընդդիմությունը հնարավորություն ունենա հաղթելու: Նույնիսկ եթե որևիցե ընդդիմադիր ուժ ստանում է 30%, իսկ մյուս 70%-ը կեղծված է լինում, ապա ընդհանուր պատկերը խեղաթյուրվում է: Արդյունքում ունենում ենք կեղծված ընտրություններ: Դրա համար ընդդիմադիր կուսակցությունները պետք է կենտրոնանան ընդհանուր պրոցեսը ազատ, արդար և թափանցիկ դարձնելու վրա:

ՀՀԿ-ն ունի պետական ռեսուրսներ և ամենակազմակերպվածն է, որովհետև օգտագործում է այդ ռեսուրսները: Խնդիրն այն է, որ իշխանությունը ձայներ ապահովում է կեղծված ընտրությունների միջոցով` ընտրակեղծիքների տարբեր գործիքներ օգտագործելով, որոնցից է ընտրակաշառքը: Հասարակությունը պետք է աշխատի, որ բացասական ընկալում առաջանա ընտրակաշառքի նկատմամբ որպես պարսավելի երևույթի: Հիմնականում ուրիշի փոխարեն քվեարկությունն է օգտագործվում ընտրակեղծարարության համար: Ամբողջ հանրապետությունում 10 հազարի չափ մարդ մասնակցում են ընտրակեղծարարությանը` լինելով խիստ կազմակերպված: Իսկ ընդդիմադիր զանգվածը, որը ռեսուրսներից որոշակի չափով զուրկ է, կազմակերպվածության խնդիր ունի: Ընդդիմադիր ուժերը եթե միավորվեին, ավելի մեծ շանսեր կունենային: Քաղաքական ուժը պետք է աշխատի հասարակության հետ: Քաղաքական ուժի պարտավորությունն է մոբիլիզացնել հասարակությանը` առաջարկելով գաղափարներ և փորձելով փոփոխություններ կատարել: