Yerevan.Today-ի հյուրն է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը: Ըստ Գրիգորյանի` ընտրախախտումները, լինեն դրանք կոշտ թե ոչ` կախված են իրավիճակից: «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտարկումները ցույց են տալիս, որ Հայաստանում ընտրակեղծարարության գլխավոր գործիքը շարունակում է մնալ ստորագրած ընտրացուցակների փակ լինելը: Ընտրախախտումների մեծ մասը բաժին է ընկնում ուրիշի փոխարեն քվեարկելու խնդրին: ՏԻՄ ընտրությունները լուրջ փորձաքար էին մի քանի ամիս անց կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ:

Հայաստանում ընտրությունների հետ կապված կան խնդիրներ` ընտրությունների կեղծումը և ընտրական ինստիտուտի պարբերաբար վարկաբեկումը բերում է անվստահության, և քաղաքացիները չեն վստահում, որ հնարավոր է ընտրությունների միջոցով ինչ որ բան փոխել: Ըստ հարցումների`ընտրական ինստիտուտի հանդեպ վստանությունը 12-13% է: Ցածր է վստահությունը նաև քաղաքական ուժերի հանդեպ: Մյուս խնդիրը կուսակցությունների և քաղաքացիական հասարակության պառակտվածությունն է: Նաև ուռճացված ցուցակներն ու արտագաղթը բերում են նրան, որ մասնակցության տոկոսը ցածր է: Բոլորը պետք է համատեղեն ուժերը, փորձեն կայացնել ընտրական համակարգը, որ ունենանք ազատ և արդար ընտրություններ: Միայն ազատ և արդար ընտրությունների միջոցով ընդդիմությունը հնարավորություն ունի հաղթել: Որպես ավտորիտար ռեժիմում գործող կուսակցություն ՀՀԿ-ն, երբ չի կարողանում միայնակ ապահովել անհրաժեշտ ձայները, ավելի թույլ ձայներով է գնում ԱԺ ընտրությունների: