Քաղաքացիներին կոռուպցիոն դեպքերի վերաբերյալ իրավաբանական աջակցություն տրամադրելու և շահերի պաշտպանության առավել համապարփակ բարեփոխման ձեռնամուխ լինելու նպատակով ս.թ. դեկտեմբերի 19-ին Գյումրիում Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի գրասենյակում բացվել է Շիրակի մարզի Շահերի պաշտպանության և աջակցման հակակոռուպցիոն կենտրոն (ՇՊԱԿ): ՇՊԱԿ-ի խնդիրն է նաև բացահայտել կոռուպցիոն ռիսկեր պարունակող օրենքների և այդ օրենքների ու որոշումների իրականացման թերությունները: Քաղաքացիներին օգնություն կտրամադրվի 0 800 01 121 թեժ հեռախոսագծի միջոցով:

Կենտրոնը գործում է Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի «Շահերի պաշտպանության և աջակցման հակակոռուպցիոն կենտրոններ Երևանում, Գյումրիում և Վանաձորում» ծրագրի շրջանակներում Կասալս էնդ Ասոշիեյթս Ինք. ընկերության կողմից իրականացվող ԱՄՆ ՄԶԳ-ի հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի օժանդակությամբ:

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փոխնախագահ Վարուժան Հոկտանյանը ողջունել է կենտրոնի բացումը և տեղեկացրել, որ համանման կենտրոններ գործելու են նաև Հայաստանի մյուս մարզերում: Նրա հավաստմամբ կենտրոնի հիմնադրումով կխախտվի ամեն ինչ Երևանում կենտրոնացնելու սովորույթը: Հայաստանում առկա համակարգային կոռուպցիան, որը մեծ վնասներ է հասցնում երկրի տնտեսությանը, հզոր դրսևորումներ է ունենում
մարզերում: