Ս.թ. սեպտեմբերի 7-ին Բլից ինֆո մամուլի ակումբի հյուրն էր Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, ով անդրադարձել է երկրում կոռուպցիայի ներկայիս իրավիճակին: Նա բանախոսել է հետևյալ թեմայով. ի՞նչ է արվել տարեսկզբին իշխանությունների կողմից հայտարարված կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում, արդյո՞ք փոփոխություններ գրանցվել են այս ոլորտում. արդյունքներ ու հետևանքներ:

Հոկտանյանը գնահատել է վերջին երեք ամիսների ընթացքում իշխանությունների հայտարարած կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում արված քայլերը, այդ թվում՝ 2016 թ. հունիսի15-ին և 17-ին Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստում ՀՀ արդարադատության նախարարությանը Կառավարության կողմից հանձնարարված օրենսդրական փաթեթի մշակումը, որը հնարավորություն կտա ստեղծել անկախ հակակոռուպցիոն մարմին և իրական սեփականատերերին բացահայտելու մեխանիզմներ, ինչպես նաեւ՝ քրեականացնել ապօրինի հարստացումը, 2016թ. օգոստոսի 25-ի ՀՀ կառավարության նիստում ՀՀ արդարադատության նախարարի ելույթը անկախ հակակոռուպցիոն մարմնի ստեղծման հեռանկարների, ապօրինի հարստացման քրեականացման, իրական սեփականատերերի հայտնաբերման ինստիտուտի ներդրման վերաբերյալ, որոնք իրավական կարգավորումներ կստանան աշնանային նստաշրջանում:

Հոկտանյանի խոսքերով՝ Հայաստանի ներկայիս տնտեսական իրավիճակում կոռուպցիոն խնդիրների լուծման բացակայությունը կհանգեցնի տնտեսական կոլապսի: Երբ մեր երկրում ընտրությունների ինստիտուտը չի գործում, ընտրությունների միջոցով իշխանափոխություն չի լինում, կոռուպցիան չի կարող նվազել: Հոկտեմբերին ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից Վաշինգտոնում համաժողով է անցկացվելու, որպեսզի ներգրավեն դոնորների: Դոնոր կազմակերպությունները նայում են տվյալ երկրի օբյեկտիվ համաթվերը, իրողությունները և հետո միայն տալիս ֆինանսական աջակցություն: Իսկ Հայաստանում կապիտալն ավելի շատ դուրս է հոսում, քան ներդրումներ են լինում: Նմանատիպ իրավիճակները շատ երկրներում ստիպել են իշխանություններին լրջագույն քայլերի դիմել:

Տես ասուլիսի լուսաբանումը հետևյալ լրատվամիջոցների կողմից՝ Yerevan.Today, Առավոտ, Առավոտ (տեսանյութ), a1plus, Լուրեր.com, vesti.am, Հրապարակ, news.am, Արարատ, newsline.am, Հ3.Օրը07.09.2016 1:14 րոպեից,