2016թ. հուլիսի 29-ին Հայաստանի ոստիկանությունն անհամաչափ ուժ է գործադրել խաղաղ ցուցարարների դեմ և հարձակվել է ցույցը լուսաբանող լրագրողների վրա, ասվում է Human Rights Watch-ի այսօրվա հայտարարության մեջ: Ոստիկանությունն օգտագործել է խլացուցիչ նռնակներ, որոնք վնասվածքներ են հասցրել տասնյակ ցուցարարներին և որոշ լրագրողներին, ոմանց ծանր վնասվածքներ պատճառելով: Բացի այդ, ոստիկանությունը ծեծել է լրագրողների և ցուցարարների, ինչպես նաև ձերբակալել տասնյակ մարդկանց:

Հուլիսի 29-ին Հայաստանի իշխանությունները հետաքննություն են սկսել ոստիկանության գործողությունների առիթով:

«Հայաստանում ցուցարարների վրա ոստիկանության հարձակումների առիթով հուլիսի 29-ին սկսված հետաքննությունը պետք է լինի արագ և հանգամանալի», - ասել է Գեորգի Գոգիան, Human Rights Watch-ի Հարավային Կովկասի տնօրենը: «Թեև ոստիկանությունը հասարակական կարգը պահպանելու պարտավորություն ունի, իրենց տեսակետները խաղաղ ճանապարհով արտահայտելու համար հավաքված ժողովրդի դեմ բռնություն կիրառելու քարտ-բլանշ նրանք չունեն»:

Ցույցերը Հայաստանում ընթանում էին հուլիսի 17-ից սկսած, երբ արմատական ​​ընդդիմադիր խմբի մի քանի զինված ներկայացուցիչներ գրավեցին Երևանի Էրեբունի վարչական շրջանի ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքը` սպանելով մեկ ոստիկան և վերցնելով մի քանի պատանդներ և կառավարությունից պահանջելով քաղաքական զիջումներ: Նախքան զինյալների հանձնվելը հուլիսի 31-ին, հանրային աջակցությունը նրանց համար վերածվել էր բողոքի լայն շարժման Երևանում:

Տես նյութը Հյումն Ռայթս Ուոթչում