Lragir.am-ի հետ զրույցում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը նշել է՝ հիասթափեցնող է, որ գլխավոր դատախազ, նախկինում հակակոռուպցիոն ռազմավարության մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանի հրաժարականը պայմանավորված է նրա անվան հետ կապված ընկերությունների կողմից բանակին սնունդ մատակարարելու չարաշահումների հետ: Նույնիսկ եթե դա այդպես է, դժվար թե թղթերով նա լիներ այդ ընկերությունների տերը: Պետք է իրավական մեխանիզմներով հնարավոր լինի ընկերությունների իրական տերերի բացահայտումը:

Ըստ Վարուժան Հոկտանյանի՝ կարևոր է, որ պաշտոնյաները չչարաշահեն իրենց դիրքը, անընդհատ մրցույթներ չշահեն, մրցակիցներին դուրս չշպրտեն շուկայից: Գերիշխող դիրք ունեցող ու մենաշնորհային ընկերությունների շահերի բախումը պետք է բացառել: Պաշտոնյաների կողմից կեղծ հայտարարագրեր ներկայացնելու դեպքերը հարկ է, որ հետաքննության առարկա դառնան համապատասխան մարմինների կողմից, որոնք պետք է իրավասություն ունենան ստուգելու ու հասկանալու, թե որտեղից են դրանք: Անհրաժեշտ է թափանցիկությունից անցնել հաշվետվողականության՝ ոչ միայն ցույց տալ տարօրինակ ծագման եկամուտները, այլև բացատրել դրանց ծագումնաբանությունը:

Երբ գործող քաղաքական ու տնտեսական համակարգը փոխվի, իր ներքին ռեսուրսներով կոռուպցիան կդառնա քիչ անհրաժեշտ, որովհետև կոռուպցիան սովորաբար ինստիտուտների ոչ կատարյալ լինելու հետևանք է: Քաղաքական, տնտեսական և վարչական նորմալ մեխանիզմների առկայությունը կնվազեցնի կոռուպցիան առանց հատուկ ռազմավարությունների, գործողությունների ծրագրի ու տարբեր միջոցառումների: Մեզ մոտ պետք է փորձել ռազմավարությունը իմիտացիայից դարձնել մի քիչ ռեալ, թեպետ այդ ռազմավարության պոտենցիալը մեծ չի լինի: Նույնիսկ իշխանություններն են ընդունում, որ նախորդ երկու ռազմավարությունները առանձնապես մեծ արդյունք չեն ունեցել:

Տես Lragir.am-ը: