Պետությունն անմիջականորեն բորսաներից անհամեմատ ցածր գներով գնումներ կատարելու փոխարեն շարունակում է միջնորդավորված գնումներ իրականացնել, ինչը բյուջեի վրա բավականաչափ թանկ է նստում: Այս մասին Ազատություն ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանը: Որևէ բան չի խանգարում, որ բենզինը, հնդկաձավարը, որոնք հատկապես Պաշտպանության նախարարության համար կարևոր ծախսային միավորներ են, պետությունն ավելի ցածր գներով ձեռք բերի բորսաներից: Կեղծ մոնոպոլիաներ են ստեղծվում՝ ապրանքները միջնորդներից գնելով. հնդկաձավարը գնվում է Ռուսաստանից և պետությանը վերավաճառվում մի քանի անգամ ավելի բարձր գնով:

Արտակ Մանուկյանը պետական գնումներին հաճախակի առնչվող մի քանի ընկերություններ է մատնանշում: Բենզինի շուրջ 85 տոկոսը ձեռք է բերվում «Ֆլեշ» ՍՊԸ-ից, հնդկաձավարի զգալի մասը՝ «Մանանա Գրեյ»-ից, շաքարավազը՝ «Դանանա» ՍՊԸ-ից, որը «Ալեքս Գրիգ» ընկերության ներկայացուցչությունն է, աղը՝ մի միջնորղ ընկերությունից, որն այն գնում է Ավանի աղի կոմբինատից և պետությանը վերավաճառում է ավելի բարձր գնով:

Տես Ազատություն ռադիոկայանի նյութը: