«ՀՀ պաշտպանության ոլորտի գնումների գործընթացներում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» հետազոտությունն իրականացվել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) «Օրինավորության խթանումը պաշտպանության ոլորտում» ծրագրի շրջանակներում` ՀՀ-ում Բրիտական դեսպանության աջակցությամբ: Հանրային գնումների համակարգում շրջանառվում են բավական մեծ գումարներ, որոնք առաջ են բերում չարաշահումների գայթակղություններ և նպաստում կոռուպցիոն դրսևորումներին։ Կոռուպցիոն ռիսկերը գնումներում առավել տարածված են թերզարգացած հաստատություններ ունեցող, անցումային տնտեսությամբ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։

Կոռուպցիոն ռիսկեր կարող են լինել գնումների գործընթացի փուլերից յուրաքանչյուրում: Օրինակ`

  • գնումների պլանավորման և բնութագրերի նախագծման փուլում տեխնիկական բնութագրերի կառուցումը կարող է հարմարեցվել նախընտրելի մատակարարի կարողություններին կամ կարող են կիրառվել ոչ հստակ տեխնիկական բնութագրեր, որոնք հետագայում կարող են օգտագործվել նախընտրելի մատակարարին հաղթող ճանաչելու համար:
  • Մրցույթների կազմակերպման և իրականացման փուլում կոռուպցիոն ռիսկը կարող է դրսևորվել հայտ ներկայացրած մասնակիցների տվյալների ստուգման ընթացքում խտրական մոտեցումներ կիրառելու միջոցով, որը կարող է պայմանավորված լինել կաշառքի ակնկալիքով, հանցավոր փոխհամաձայնությամբ, արհեստական գների և հայտերի ներկայացմամբ:
  • Պայմանագրի կատարման ընթացքի նկատմամբ հսկողության փուլում պատվիրատուների կողմից կարող է լինել տարբերակված և խտրական բնույթի վերահսկողություն:

Ուսումնասիրությունները փաստում են, որ միջազգային մակարդակով պաշտպանության ոլորտը կոռուպցիոն ռիսկերի տեսանկյունից համարվում է ամենազգայուն ոլորտներից: Միաժամանակ, կարելի է ասել, որ այս ոլորտը նաև խիստ խոցելի է կոռուպցիայի հետևանքների տեսանկյունից, քանի որ դրանում առկա կոռուպցիոն դրսևորումները և միջոցների անարդյունավետ կառավարումը կարող է էապես խաթարել ցանկացած պետության անվտանգությունը:

Համաձայն Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹԻ) միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության գնահատականների՝ պաշտպանության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի տարեկան գնահատականը գերազանցում է 20 մլրդ դոլարը: Ավելին, ուսումնասիրությունները վկայում են, որ առկա է ուղիղ համեմատական կախվածություն պաշտպանության ոլորտի ծախսերի մեծության և կոռուպցիոն ռիսկերի դրսևորման հավանականության միջև: Ըստ ստվերային հատվածի հետազոտությունների` «ձեռքբերված ռազմատեխնիկայի գումարի շուրջ 15%-ը հանդիսանում է կոռուպցիոն վճար»:

2007թ. մինչ օրս ԹԻՀԿ-ի կողմից Հայաստանի պետական գնումների ոլորտում իրականացված վերլուծությունները վկայում են գնումներում առկա համակարգային հիմնախնդիրների մասին: Սույն ուսումնասիրության նպատակն է բացահայտել և վերլուծել, մասնավորապես պաշտպանության ոլորտի պետական գնումները, վերհանել թերությունները և ներկայացնել առաջարկություններ դրանց հաղթահարման ուղղությամբ, ինչպես նաև՝ նպաստել ոլորտի թափանցիկության և հաշվետվողականության ընդլայնմանը:

Հայաստանի պաշտպանության ոլորտի ծախսերը պետական բյուջեում ունեն բավական մեծ տեսակարար կշիռ, ուստիև ռիսկայնության մեծ աստիճան: Միաժամանակ, պաշտպանության գնումների զգալի մասի գործընթացներն ու որոշումները մեր երկրում գաղտնի են, իսկ ռազմական բյուջեի ու գնումների մասին հրապարակվում է միայն շատ ընդհանուր տեղեկատվություն: Հաշվի առնելով, որ Հայաստանում զինված ուժերը հիմնված են պարտադիր զինապարտության վրա, խիստ կարևոր ու անհրաժեշտ է զինված ուժերի նկատմամբ հանրության վստահությունը, որը կարող է ձևավորվել միայն թափանցիկ ու հաշվետու կառավարման արդյունքում:

Տես «ՀՀ պաշտպանության ոլորտի գնումների գործընթացներում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» հետազոտությունը: