1in.am-ի հետ զրույցում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) փոխտնօրեն Սոնա Այվազյանը նշել է, որ ՀՀ կառավարության կողմից կա բավականին մեծ ակտիվություն ցույց տալու, որ իրենց գործողությունները միտված են հաղթահարելու կոռուպցիան: Այն պայմանավորված է միջազգային կազմակերպությունների կողմից ստացված խոստումներով, որ եթե կառավարությունն իրական քայլեր ձեռնարկի կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ, ապա միջազգային աջակցությունը կարող է շարունակվել՝ զուգահեռված նախընտրական ժամանակահատվածի կոռուպցիայի դեմ պայքարի պոռթկումներով:

ԹԻՀԿ-ը առաջարկել է մի շարք առանցքային քայլեր կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում, այդ թվում՝ շահերի բախման կանխարգելումը և շահերի բախման իրավիճակում գործողություններ կատարելու և որոշումներ ընդունելու արգելումը, քաղաքականության անջատումը տնտեսությունից, պատշաճ հայտարարագրումը և տվյալների հրապարակայնությունը հայտարարագրման դեպքում, պետական միջոցների օգտագործման հետ կապված կարգավորումները, որոնք ավելի արդյունավետ կդարձնեն կառավարումը և թույլ չեն տա չարաշահումներ, բարձրաստիճան պաշտոնատար անձանց ձերբակալությունները, փոխհատուցումները գույքի, պետական միջոցների սխալ օգտագործման համար և այլն: Բիզնեսներ ունեցող պաշտոնատար անձինք չեն կարող համապատասխանաբար որոշումներին մասնակցել: Պաշտոնատար անձինք առհասարակ չպետք է ունենան բիզնեսներ, և նրանց ընկերությունները չպետք է մասնակցեն պետական գնումներին և հանրային սակարկություններին:

Ըստ Սոնա Այվազյանի՝ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է ընթանա հանրային վերահսկողության և հանրային վստահության պայմաններում: Այդ առումով կարևոր է ընտրությունների գործընթացում հանրային վերահսկողությունը: Մինչդեռ՝ նոր ընտրական օրենսգրքով հանրությունը մեկուսացվում է վերահսկողության գործընթացներից: Ի վերջո, ոչ ազատ և ոչ արդար ընտրությունների միջոցով են իշխանության գալիս այնպիսի պաշտոնյաներ, որոնք հետագայում պատասխանատվություն չեն կրում ժողովրդի առաջ և ներգրավվում են կոռուպցիայի մեջ: