Ս.թ. մարտի 25-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը բանախոսել է Վանաձորում կայացած ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագծի և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրներների վերաբերյալ հանրային քննարկման ընթացքում, որը կազմակերպել է «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը: Հանրությանն են ներկայացվել նոր ընտրական օրենսգրքի նախագծում տեղ գտած խնդրահարույց կարգավորումները, ինչպես նաև ընտրությունների նկատմամբ հանրային վստահության վերականգնման և քաղաքացիական մասնակցության մեխանիզմները: Քննարկման բանախոսներ էին նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:

Վանաձորում քննարկման մասնակիցները բարձրաձայնել են նաև Գյումրիում և Վանաձորում սպասվելիք փոփոխությունների մասին, որտեղ ավագանիները ընտրվելու են համամասնական ընտրակարգով, իսկ քաղաքապետերն՝ ընտրվելու են արդեն ավագանու կողմից: