«Առավոտը» նշում է, որ ՊՆ-ն իր ծախսերը փորձում է գաղտնիության շղարշով փակել, սակայն պետական գնումների կայքէջում զինծառայողների հանդերձանքի գնումների մասին տեղեկություններ կան: Հանրության մտահոգությունը, որ պետբյուջեից միլիարդներ են ծախսվում, սակայն դրան զուգահեռ ծնողներն էլ են իրենց զինվորների համար նույն բաները գնում, ՊՆ-ի կողմից առնվազն ուսումնասիրության առիթ պիտի լինի:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գնումների փորձագետ Արտակ Մանուկյանն «Առավոտի» հետ զրույցում ասում է՝ եթե անգամ ՊՆ գնումների մասին հրապարակված որոշ տեղեկություններ կան, հանրությունը, ՀԿ-ները չեն կարողանում նայել պայմանագրերի կատարման փուլը: Օրինակ՝ ձեռք բերվող այդ հանդերձանքը հասա՞վ պատվիրատուին, կամ որքան պատվիրվել է, այդքանն էլ մատակարարվե՞լ է, այսպիսի տեղեկություններն անհասանելի և անվերահսկելի են: Ըստ Արտակ Մանուկյանի՝ «ԹԻՀԿ մոնիտորինգի արդյունքներն առնվազն այդ գործընթացի մեջ կասկածի տեղիք են տալիս, ռիսկային տարրեր կան: Ասենք, հնարավոր է հայտարարվի 100 հազար միավոր հանդերձանք, հիգիենիկ պարագաներ և այլն, դրա վերաբերյալ գնման ընթացակարգ իրականացվի, բայց իրականում մատակարարը միայն 50 հազար միավորը մատակարարի: Մենք համեմատաբար կանխատեսելի պահանջարկի հետ գործ ունենք, այսինքն՝ պաշտպանության նախարարությունը հստակ գիտի զինվորների քանակը և նրանց ունեցած կարիքները, օրինակ՝ հանդերձանքի մասով: Ուստի ծնողների կողմից զինվորական հանդերձանքի գնումները խոսում են կոռուպցիոն ռիսկերի առկայության մասին, ինչը կարող է բյուջետային միջոցների մսխման հետևանք լինել և անարդյունավետ ծախսեր դիտարկվել»,- ասում է Մանուկյանը:

Փորձագետի դիտարկմամբ՝ պաշտպանության նախարարության ոչ ռազմական ծախսերը գոնե ագրեգացված տեսքով պետք է լինեն հասանելի, ինչը կմեծացնի ինչպես հանրային վերահսկողությունը, այնպես էլ հաշվետվողականությունը:

Տես նյութը «Առավոտի» կայքում: