Գլխավոր էջ Նորություններ «Ազատություն». Առողջապահության փոխնախարարը «հմուտ, պրոֆեսիոնալ պաշտոնյաներ» է համարում ձերբակալվածներին
Նորություններ
2016 Հուն
14

«Ազատություն». Առողջապահության փոխնախարարը «հմուտ, պրոֆեսիոնալ պաշտոնյաներ» է համարում ձերբակալվածներին

Առողջարանային կեղծ ուղեգրեր պատրաստելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Առողջապահության նախարարության երեք պաշտոնյաներ, որոնց փոխնախարար Վահան Պողոսյանը բնութագրել է որպես «հմուտ ու պրոֆեսիոնալ մասնագետներ»: Առողջապահական համակարգում կոռուպցիոն ռիսկերի մասին զեկույց հրապարակած Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) հետազոտությունների համակարգող Դիանա Տեր-Ստեփանյանն «Ազատության» հետ զրույցում ասել է, թե այսօրինակ ձերբակալությունները վստահություն կներշնչեն, եթե միջին օղակներից բացի, չանտեսվեն նաև բարձրաստիճան պաշտոնյաները:

Դիանա Ստեփանյանի կարծիքով՝ որոշ միջին օղակի պաշտոնյաներ անգամ եթե ինչ-ինչ գործարքներ են իրականացնում, դրանք իրականացնում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց հովանու ներքո կամ առնվազն իմացությամբ: «Մինչև չլինեն բարձրաստիճան պաշտոնյաներին իրական պատասխանատվության ենթարկելու քայլեր, այս ձերբակալությունները դեռևս որևէ վստահություն չեն ներշնչի կոռուպցիայի դեմ իրական պայքարի մասին»:

Առողջապահության համակարգում կոռուպցիոն ռիսկերի մասին զեկույցում հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետները արձանագրել են, որ պետպատվերով բուժման համար հիվանդները երբեմն ստիպված են լինում վճարել, կամ ուղեգրով բուժում ստանալու ինստիտուտը հիմնականում չի գործում, կամ հիվանդները հաճախ լսում են պատասխան, որ պետպատվերը սպառվել է: Ըստ Դիանա Ստեփանյանի՝ «Քանի որ պացիենտը ինքը չգիտի ֆինանսավորման սկզբունքը, իրեն մատուցում են, որ պետպատվերը սպառված է, և ինքը բնականաբար բուժվում է վճարովի սկզբունքով: Մինչդեռ ոչ թե պետպատվերն է սպառվել, այլ հերթագրումը տվյալ տարվա համար․․․ Որևէ բուժհաստատություն չի ուզում իր միջոցներից փոխանցում անի մեկ այլ բուժհաստատության, որպեսզի այն հիվանդը, որ իր մոտ է հաշվառված և իր մոտ է բուժում անցնում, պետպատվերի շրջանակում ստանա այդ հետազոտությունը»:

Տես «Ազատության» նյութը: