Գլխավոր էջ Նորություններ Լույս է ընծայվել առողջապահության ոլորտի կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ հրապարակումը
Նորություններ
2016 Հուն
8

Լույս է ընծայվել առողջապահության ոլորտի կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ հրապարակումը

Լույս է ընծայվել «Կոռուպցիոն ռիսկերի գնահատում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնության ոլորտում» հետազոտությունը: Սույն հետազոտությունն իրականացվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»  և «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունների կողմից: Հետազոտության նպատակն է վերհանել և գնահատել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով հիվանդանոցային բուժօգնության ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը և դրանք ձևավորող համակարգային խնդիրները:

Չնայած առողջապահության ոլորտում 1993թ. սկսված և շարունակվող բարեփոխումներին` դեռևս առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ, այդ թվում՝ առողջապահական ծառայություններում կոռուպցիոն տարբեր ռիսկեր, որոնց մասին են վկայում ինչպես տարբեր կազմակերպությունների կողմից իրականացված ուսումնասիրությունները, այնպես էլ՝ մի շարք պետական ռազմավարական փաստաթղթերը:

Սույն հետազոտությունը բաղկացած է հինգ գլուխներից, որոնք վերաբերում են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով հիվանդանոցային բուժօգնության բնագավառում առկա համակարգային խնդիրներին և ներկայացնում են դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները: Ակնկալվում է, որ դրանք տեղ կգտնեն ՀՀ կառավարության կողմից հաստատված 2015-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարությունից բխող ՀՀ առողջապահության նախարարության հակակոռուպցիոն ծրագրում:

Հետազոտության 1-ին գլուխը վերաբերում է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով հիվանդանոցային բժշկական օգնության տեսակների՝ սոցիալական և բժշկական հիմքերի, ինչպես նաև բուժօգնության համար անհրաժեշտ միջոցների ծավալի վերաբերյալ իրավական կարգավորումներին և առկա խնդիրներին:

2-րդ գլխում արտացոլված են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորմանը, բժշկական օգնության և սպասարկման դիմաց պետության կողմից փոխհատուցման գներին, համավճարին, բժշկական կազմակերպությունների և ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության միջև պայմանագրային հարաբերություններին վերաբերող իրավական կարգավորումները և առկա խնդիրները:

3-րդ գլխում ներկայացվում է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով հիվանդանոցային բժշկական օգնության տրամադրման գործընթացը՝ հիվանդների ուղեգրմանը և հերթագրմանը վերաբերող իրավական կարգավորումները և առկա խնդիրները:

4-րդ գլուխը վերաբերում է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ քաղաքացիների իրազեկման և բողոքարկման մեխանիզմներին առնչվող իրավական կարգավորումներին և առկա խնդիրներին:

5-րդ գլխում ամփոփված են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման նկատմամբ վերահսկողության վերաբերյալ իրավական կարգավորումները և առկա խնդիրները: