Ս.թ. մայիսի 27-ին «Ա1+»-ի «P.S.» հաղորդաշարի հյուրը Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն էր: Վերջին տարիներին կոռուպցիայի դեմ պայքարը հռչակվել է ՀՀ կառավարության գործունեության առանցքային ուղղություններից մեկը, արդյունավե՞տ է այդ պայքարը, եթե ոչ՝ ինչո՞ւ: Հակակոռուպցիոն պայքարի ազդակ էր նաև ապրիլյան պատերազմը և տնտեսական վիճակի կտրուկ վատացումը: Վարուժան Հոկտանյանն անդրադարձել է կոռուպցիայի սահմանմանը, դրսևորումներին, դրա դեմ պայքարին, հակակոռուպցիոն ռազմավարություններին, կոռուպցիայի գնահատման ԹԻ և ԹԻՀԿ ուսումնասիրություններին, այդ թվում՝ ԹԻ ԿԸՀ-ին (2003-ից Հայաստանում լճացում է և առաջընթաց չի եղել ), ինչպես նաև մենաշնորհների դեմ պայքարին:

Ըստ Վարուժան Հոկտանյանի՝ Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարությունների (2003-07թթ., 2009-12թթ., 2015-2018 թթ.) փիլիսոփայության հիմքում հիմնականում ընկած է արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականության 3 կոնցեպտուալ հենասյուներից մեկը՝ կոռուպցիայի կանխարգելումը՝ օրենսդրական ակտերի բարելավման, փոփոխության միջոցով: Սակայն կարևոր են մյուս երկու հենասյուները ևս՝ բացահայտումն ու պատժելիությունը՝ համապատասխան կոռումպացված պաշտոնյաներին ձերբակալելը, որն արտահացոլվում է կոռուպցիայի քրեականացման դրույթների ներմուծմամբ Քրեական օրենսգրքում և այլն և հանրային աջակցությունն ու կրթությունը` հաշվի առնելով, որ Հայաստանում շատ հանդուրժող են կոռուպցիայի նկատմամբ: Ռազմավարությունների արդյունքում հիմնականում ընդունվեցին օրենքներ, այդ թվում՝ Հանրային ծառայության մասին օրենքը, հայտարարագրման ինստիտուտը և այլն: Բայց շատ ավելի կարևոր է ցանկացած ծրագրի, այդ թվում՝ ռազմավարության ազդեցության գնահատումը, արդյունքը ինչի բերեց և դրա ազդեցությունը ընդհանուր համակարգի վրա, ինչը գիտական հետզոտություն է, և այդ հարցը պետք է ուղղվի ակադեմիական հանրությանը: