Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) խորհրդի նախագահ Հայկակ Արշամյանը «Առավոտին» տված հարցազրույցում անդրադարձել է քառօրյա պատերազմից քաղած դասերին և այս իրավիճակից դուրս գալու ելքերին՝ հասարակական մոբիլիզացիային, միֆից «ռեալ պոլիտիկի» անցման գործընթացին: Հայկակ Արշամյանը գտնում է, որ պատերազմի օրերին ակնառու դարձավ խզումը երկու զուգահեռ իրականությունների միջև, որոնցից մեկում հանրությունն է, մյուսում՝ իշխանությունը, ինչն էլ հանրությանը մղեց արագ ինքնակազմակերպման: Հասարակությունը գիտակցեց, որ հայրենիքի անվտանգության պատասխանատվության կրողը հենց ինքն է:

Ըստ Հայկակ Արշամյանի՝ քառօրյա պատերազմից հետո մի շարք կարևոր բացահայտումներ եղան.

  • Հասարակության մեջ ընդգրկուն մոբիլիզացիա տեղի ունեցավ թե՛ քաղաքացիական նախաձեռնությունների, թե՛ առաջին գծին օգնության կազմակերպման միջոցով, ինչպես նաև հասարակությունը մի շարք պահանջներ ձևակերպեց և ուղղեց իշխանություններին:
  • Կոռուպցիոն մի քանի բացահայտումներ տեղի ունեցան՝ սկսած «օֆշորի գործից» մինչև բանակում առկա բացասական երևույթները: Այդ մասին էին վկայում ՊՆ-ում երեք բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկությունները: Իշխանությունն էլ հասկացավ, որ լուրջ բացթողումներ է թույլ տվել:
  • Կոռուպցիոն երևույթների բացահայտմանը զուգընթաց կարևոր է պատասխանատվության ենթարկելու հարցը: Միայն կոռուպցիան բացահայտելով, մարդուն պաշտոնանկ անելով՝ հարց չի լուծվում: Փորձը ցույց է տալիս, որ երբ որևէ պաշտոնյա իր թերացման համար հեռացվում է պաշտոնից, նա պատասխանատվության չի ենթարկվում: Ընդհակառակը` նշանակվում է մեկ այլ պատասխանատու պաշտոնի: Այսինքն՝ գործ ունենք կոռուպցիայի դեմ իմիտացիոն պայքարի հետ, որի հաստատումն են կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում ներգրավված անձինք, ովքեր իրենք հենց խրված են կոռուպցիայի մեջ:
  • Ռուսաստանի ռազմավարական դաշնակցի միֆից աստիճանաբար ձերբազատվում ենք, կասկածի տակ է դրվում «դարավոր բարեկամի» հետ դաշինքը, ԵԱՏՄ-ում ու ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայությունը՝ միֆից անցնելով «ռեալ պոլիտիկի»։
  • Մեդիան ցույց տվեց, որ լուրջ գործիք է՝ խնդիրների բացահայտման ու դրանց լուծման առումով: Այսօր երկրում միակ հարթակը, որտեղ հնարավոր է լուրջ դիսկուրս ծավալել, զարգացնել ու հասցնել ինչ-որ արդյունքի, մեդիան է:

Մեզանում չի ձևավորվում կրիտիկական այն հատվածը, որը կստիպի իշխանություններին համակարգային փոփոխությունների գնալ:

Հայկակ Արշամյանի կարծիքով՝

  • Սա բարդել միայն քաղաքական ուժերի ու քաղաքացիական հասարակության վրա` սխալ է, որովհետև դա կապված է այն պարտությունների ու հիասթափությունների հետ, որը հասարակությունը պարբերաբար ապրել է ընտրությունից ընտրություն:
  • Երկրում առկա է լուրջ ժողովրդագրական խնդիր՝ 1988թ. Հայաստանի բնակչությունը առնվազն երեքուկես միլիոն էր, այսօր այն երկու անգամ կրճատվել է:
  • Հասարակության մեջ որոշակի հատված են կազմում այն մարդիկ, որոնք սնվում են իշխանություններից: Իշխանությունը տարիների ընթացքում իրենից սնուցման մազանոթները տարածել ու ընդլայնել է՝ ձևավորելով մի համակարգ, որը բավական բարդ է փոխել: Դրա վառ ապացույցը Հրազդանում կայացած ընտրություններն էին՝ քվեարկությունը գործող քաղաքապետի օգտին:
  • Հանրության մի որոշ հատված մարգինալացումից դուրս եկավ` ավելի լուրջ դերակատարություն ստանձնելով, բայց իշխանությունները սկսում են ժամանակ ձգել ու սառեցնել գործընթացը: Կարևոր պահ է, որպեսզի հասարակությունը փորձի ինչ-որ ճեղքում իրականացնել:
  • Ե՛վ հասարակությունը, և՛ իշխանությունը հասկացան, որ մեր թիկունքը ամուր չի, իսկ երբ պատերազմում ես ու թիկունքդ ուժեղ չի, տանուլ ես տալու ավելի երկարաժամկետ հատվածում:
  • Հայաստանի բանակում ծառայում է երիտասարդ, կրթված, արտերկրում լուրջ բարձրագույն կրթություն ստացած սպայակազմ: Կարևոր է, որ այդ երիտասարդները ներգրավվեն բանակաշինության գործում, քանի որ առաջնագծում ոչ կանոնադրական հարաբերություններ չկան, ուղղահայաց հարաբերությունները են, և նման դեպքում առաջնագծում կանգնած զինվորն ու սպան ընդունակ են հերոսությունների, ինչի ականատեսը դարձանք պատերազմի ժամանակ:

    Տե՛ս նյութը «Առավոտում»: