Վերջին տարիների ընթացքում առաջին անգամ 2015 թ. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը (ՀԷՑ) աշխատել է շահույթով: Անցյալ տարի այս ժամանակ ՀԷՑ-ը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու առաջարկով: Այս սակագնային տարվա համար այլ է պատկերը, քան անցած տարի, երբ սակագնի թանկացումը պայմանավորված էր 3 գործոններով՝ դոլար-դրամ հարաբերակցություն, էներգետիկ բալանսի խախտման հետևանքով կուտակված պարտքեր, սակավաջուր տարի: «Էլեկտրիկ Երևան» շարժումից հետո մեկ տարվա ընթացքում ՀԷՑ-ում մեծ փոփոխություններ են իրականացվել։ Տնտեսագետ Արտակ Մանուկյանը ՍիվիլՆեթի հետ ամփոփում է ՀԷՑ-ի անցած տարին։

Անդրադառնալով շահույթի վերաբերյալ էլեկտրական ցանցերի ներկայացրած թվին, Մանուկյանը նշում է, որ այդ թիվը պաշտոնապես դեռևս ամրագրված չէ, քանի որ որևէ հաշվետվություն ՀԷՑ-ի կայքում չկա 2015թ. գործունեության վերաբերյալ, սակայն նշում է, որ ՀԷՑ-ի շահույթով աշխատելու համար մի շարք հիմքեր կային՝սակագինը՝ 2014թ. սակագնով էլ էր հնարավոր շահույթով աշխատել, պարտքի վճարման վերակազմակերպումը՝ որոշակի պարտավորությունների երկարաժամկետություն, դրանց տոկոսադրույթներ և այլն և ձեռքբերվող էլեկտրաէներգիայի սակագների նվազեցումը: ՀԷԿ-երը այս սակագնային տարում 28 տոկոսով ավելի շատ էլեկտրաէներգիա են արտադրել, ինչի հետևանքով նվազել է ՋԷԿ-ի կողմից թանկ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները և իջել է էլեկտրաէներգիայի միջին կշռված ինքնարժեքը: Բացի այդ, կրճատվել են նաև կորուստները՝ 13,2 տոկոսից հասնելով 11,13 տոկոսի:

Տնտեսագետը նշում է նաև, որ կարևոր են համակարգում կոռուպցիայի նվազեցումը, գնումների սահմանափակումը և այլն: Ներկայումս շրջանառվում են էլեկտրաէներգիայի սակագնի իջեցնելու մասին լուրերը: 2015 թ. ՀԷՑ-ի շահույթը կազմել է 21 մլրդ դրամ: Էլեկտրաէներգիայի սակագինը չի կարող ավելի բարձր լինել, քան նախորդ տարվանը: Գնի բարձրացման դեպքում հիմնավորում չի գտնվի: