Ս. թ. հոկտեմբերի 11-ին մի քանի տասնյակ երիտասարդ ակտիվիստներ, լրատվամիջոցների, հասարակական և բնապահպանական հարցերով մտահոգ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ «Փրկենք Թեղուտի անտառը» շապիկներով և ցուցապաստառներով, անց են կացրել երթ Երևանի փողոցներում, որի նպատակն էր hասարակությանն իրազեկել շրջակա միջավայրին առնչվող բազմազան խնդիրներին և մասնակից դարձնել դրանց լուծմանը: Ռիկշայի ուղեկցությամբ ընթացող երկուսուկես ժամանոց երթը սկսվել է Կոմիտասի արձանի մոտից և ավարտվել է Հանրապետության հրապարակում: Երթուղին անցել է Սայաթ-Նովա - Տերյան - Թումանյան - Մաշտոց - Իսահակյան - Աբովյան փողոցներով:

Իսկ բնապահպահական հիմնախնդիրներն այսօր բազմաթիվ են: Ամեն օր Հայաստանում շարունակվում են ինչպես մարդու իրավունքների ոտնահարումները, այնպես էլ մարդկանց կենսագործունեության միջավայրի խաթարումը: Ժողովրդի սեփականություն հանդիսացող բնական ռեսուրսները անխնա շահագործվում են ի շահ մի խումբ մարդկանց: Ոչնչացվում են Սևանա լիճը, սակավաթիվ անտառները, ընդերքի հարստությունը, վայրի կենդանիները: Քաղաքների կանաչն ավերվում է` իր տեղը զիջելով բետոնին: Պետք է փրկել մեր երկիրը: