azatutyun.am. ՀԿ-ների կարծիքով, ԸՕ-ի նախագիծը չի համապատասխանում միջազգային պահանջներին
Ազատություն ռադիոկայանն անդրադարձել է մեկ տասնյակ հասարակական կազմակերպությունների կարծիքին, որով նրանք նոր Ընտրական օրենսգրքի ընդունումից 3 շաբաթ առաջ ահազանգում են՝ առաջարկվող նախագիծը չի համապատասխանում Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի «Ընտրական գործընթացների լավ պրակտիկայի մասին կանոնագրքի» պահանջներին։ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) գործընկեր կազմակերպությունների հետ արդեն իսկ առաջին ընթերցմամբ ընդունված նախագծի վերաբերյալ կարծիք է հրապարակել։ Վերջին շաբաթներին ծավալված 4+4+4 ձևաչափով քննարկումների ժամանակ «իշխանությունների անզիջում դիրքորոշման պատճառով էական արդյունք չգրանցվեց», գրված է 10 կազմակերպությունների համատեղ կարծիքում։
Համաձայն ռադիոկայանի՝«Նախ՝ բանակցությունները բանակցություններ չէին, դա նույնիսկ քննարկում դժվար է կոչել, դա ավելի շատ վերածվեց հարցուպատասխանի: Երբ մենք առաջարկ էինք ներկայացնում, իշխանության ներկայացուցիչները, հիմնականում մի հոգու միջոցով, ասում էին՝ համաձայն չեմ, չեմ ընդունում»,- ասում է քննարկումներին մասնակցած՝ ԹԻՀԿ փոխտնօրեն Սոնա Այվազյանը: Նրա խոսքով, ոչինչ չարվեց ընտրողների ռեգիստրը ավելի արժանահավատ դարձնելու համար, իսկ ստորագրված ցուցակների հրապարակման պահանջին ի պատասխան, ընդամենն առաջարկվեց էլեկտրոնային գրանցման համակարգ, որով, առահասարակ, կարող է վերացվել ընտրողների կողմից ընտրացուցակներում ստորագրելու պահանջը: «Այսինքն, իրենք պարզապես վերացնում են այդ ստորագրությունների հնարավորությունը, և մենք այլևս հնարավորություն չենք ունենալու վերհանել այդ խնդիրները՝ ուրիշի փոխարեն քվեարկության մասնակցելը․․․ պարզապես, հնարավորինս սեղմել են, փոքրացրել են տեսանելի, ստուգելի գործիքները, որը մենք օգտագործում էինք դիտարկման համար»,- շարունակում է Այվազյանը:
ՀԿ-ների՝ մոտ 10-էջանոց կարծիքում նաև արձանագրված է՝ նոր փաստաթղթով դիտորդները, լրագրողները և վստահված անձինք շատ ավելի խոցելի կդառնան. ընտրական հանձնաժողովի նախագահը նրանց կարող է հեռացնել քվեարկության սենյակից հանձնաժողովականների 2/3-ի համաձայնությամբ։ «Սա հանձնաժողովներին տրված անվերահսկելի լիազորություն է»,- պնդում է Սոնա Այվազյանն ու շարունակում՝ «Անցանկալի անձանց, որոնք վկա են այդ անօրինականություններին, միշտ կարելի է 2/3-ով պարզապես դուրս հանել տեղամասից: Հատուկ ներդրված են այնպիսի սահմանափակումներ, որ հնարավորինս կրճատեն հանրային վերահսկողությունը»:
Տես Ազատություն ռադիոկայանի նյութն ամբողջությամբ: