Ըստ «Հետքի» հրապարակման՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ձեռնպահ է մնում ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ Պանամայի օֆշորային գործարքների հետ կապված ուսումնասիրություն կատարելուց և հրապարակված փաստերին որևէ գնահատական տալուց: «Հետքի» հրապարակումից հետո Թրանսփարեսնի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը Միհրան Պողոսյանի նկատմամբ վարույթ հարուցելու խնդրանքով գրավոր դիմում էր ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով, սակայն հանձնաժողովը դեռ սպասում է:

«Հետքին» տեղեկացրել են հանձնաժողովից՝ պատճառն այն է, որ ապրիլի 29-ին պաշտոնական աղբյուրների վկայակոչմամբ հստակ տեղեկատվություն է տարածվել, որ օֆշորային գործարքին վերաբերող նյութերը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ դրանց հետագա ընթացքը լուծելու համար: Քանի որ խոսքն ըստ էության քրեական ընթացակարգի մասին է, որի շրջանակներում իրականացվող քննությունը կարող է վերաբերել հարցերի անհամեմատ ավելի մեծ ծավալի՝ լայն և էապես տարբերվող գործիքակազմով, ուստի հանձնաժողովն այս պահին ձեռնպահ է մնում:

Տես «Հետքի» հրապարակումը: