«Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակներում Երևանի մամուլի ակումբի «Մամուլի ակումբ» հեռուստահաղորդաշարը կազմակերպել է «ՏԻՄ ընտրությունները Հրազդան, Թալին և Սպիտակ քաղաքներում և տասնյակ գյուղերում. դասեր ՀՀ ընտրական նոր օրենսգրքի համար» թեմայով քննարկում, որի բանախոսներից էր Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ընտրությունների ծրագրի համակարգող Արմեն Գրիգորյանը, ով անդրադարձել է ՏԻՄ ընտրությունների դիտարկման արդյունքներին «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության կողմից, որի անդամ է նաև ԹԻՀԿ-ը:

Ըստ Արմեն Գրիգորյանի՝ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտարկումները ցույց են տվել, որ այն համայնքներում, որտեղ քիչ թե շատ մրցակցություն կա, ավելի շատ են ընտրախախտումները, երբ գործի են դրվում այլ միջոցներ: 2016թ. ապրիլի 17-ի ընտրություններում տեղամասերում ընտրախախտումները մեծ ծավալ չեն կրել, քանի որ եղել է վերահսկողություն: Ընտրատեղամասերի վերահսկողության շնորհիվ մինիմալի է հասցվում ընտրակեղծարարությունը: Հանրության հետ աշխատանք կա կատարելու ընտրատեղամասից դուրս: Հանրությունը պետք է հասկանա, որ երբ ընտրությունները կեղծվում են, ձևավորվում է իշխանություն, որը մեծ պատասխանատվություն չի կրում, ու սահմանին հզոր համակարգ չի աշխատում:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտարկած տեղամասերում ընտրատեղամասից դուրս ընտրակաշառքի մասին ահազանգ է եղել, Բարգավաճ Հայաստան կուսակցության բարեգործական ավտոբուսները հայտնվել էին Հրազդանում ու Արտաշատից մարդիկ կային այդ ավտոբուսներում: Մեծ խնդիր են հարուցել նաև բարձրաստիճան պաշտոնյաները, որ հայտնվել են Հրազդանում, բայց Հրազդանից չեն եղել և կուտակումների պատճառ են հանդիսացել:

Քննարկման մյուս մասնակիցներն էին «Շողակաթ» հեռուստաընկերության լրատվական ծրագրերի պատասխանատու Նելլի Ռաֆայելյանը, «Հրազդան» ՀԸ տնօրեն Մնացական Հարությունյանը և ՀՖՄ վարչության անդամ, տնտեսագիտության դոկտոր Ռուբեն Հայրապետյանը: