Գլխավոր էջ Նորություններ «Հետքի սրահում». ՀԿ-ների մասին օրինագիծն արդեն ԱԺ-ում է
Նորություններ
2016 Ապր
28

«Հետքի սրահում». ՀԿ-ների մասին օրինագիծն արդեն ԱԺ-ում է

2015 թ. նոյեմբերից ՀՀ Ազգային ժողով է ուղարկվել կառավարության հեղինակած Հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքի նախագիծը, որն առաջարկում է մի շարք նորամուծություններ: Մի քանի տարիների պատմություն ունեցող այս նախագիծն այն եզակիներից է, որի շուրջ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, մի շարք քննարկումներ են ծավալվել: Նախագծում տեղ գտած նոր կարգավորումների, վիճահարույց դրույթների վերաբերյալ «Հետքը» խոսել է Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Էլինար Վարդանյանի և Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանի հետ:

Ըստ Հերիքնազ Տիգրանյանի՝ Հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում են որոշ նորամուծություններ, առաջընթաց քայլեր՝ գործող օրենքի համեմատ: Եթե կառավարության կողմից ԱԺ ներկայացված այս տարբերակով նախագիծն ամբողջությամբ ընդունվի, ՀԿ դաշտի մեծամասնության համար ընդունելի տարբերակ կլինի: Երկար քննարկումների ու բանավեճերի արդյունքում ստեղծված այս տարբերակը գոնե փոքրիշատե բավարարում է այն պահանջները, որ կան ֆինանսական կայունության՝ ձեռնարկատիրական գործունեության թույլատրելիության, կամավորների  ինստիտուտի ներդրման առնչությամբ:

Ինչ վերաբերում է ՀԿ-ների դատական մատչելիության իրավունքին, ԹԻՀԿ-ը և որոշ ՀԿ-ներ փորձում են լրացուցիչ հիմնավորումներ ներկայացնել նախագծի հեղինակին, որ (եթե ոչ այս նախագծով) հետագայում անդրադառնան դրան կամ դատավարական օրենսգրքերով կարգավորեն: Այս հարցում ԹԻՀԿ-ին օգնել են գործընկեր Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի փորձագետները: Նրանք նախագիծը փորձաքննության են ենթարկել միավորումների ազատության միջազգային չափորոշիչների տեսանկյունից: Միջազգային կոնվենցիոն իրավունքների հետ անհամապատասխանության բացահայտման դեպքում աշխատանքային քննարկումներ են ծավալվել, որի արդյունքները համատեղ ներկայացվել են Արդարադատության նախարարությանը:  

Հերիքնազ Տիգրանյանն անդրադարձել է նախագծում արծարծված մի քանի խնդիրների, որոնց վերջնական լուծում չեն տրվել: Ձեռնարկատիրական գործունեության հետ կապված կա որոշակի խնդիր: Տիգրանյանը մտավախություն ունի, թե կլինեն սուբյեկտիվ և լայն հայեցողական մեկնաբանություններ ՀԿ կանոնադրական նպատակների համապատասխանության առումով, ուստի նորմը պետք է այնքան հստակ ձևակերպված լինի, որ տարընթերցման տեղիք չտա:

Կամավորների ներգրավումը դրական է, բայց խնդրահարույց են կամավորության հետ կապված կարգավորումները: Եվրոպական գործընկերներն արել էին հետևյալ դիտարկումը՝ առաջարկել են նախագծով սահմանել ինչ է կամավորությունը, որն է կամավորական աշխատանքը, քանի որ որևէ իրավական ակտով չկա կամավորական աշխատանքի ձևակերպումը:  

Պետական գրանտների մասին իմանում ենք այն դեպքում միայն, երբ դրանք տրվել են կամ գործունեությունն արդեն  իրականացվել է: Բարձր հաշվետվողակնության և թափանցիկության պահանջի դեպքում շատ ավելի վերահսկելի կլինի, քան այն ինչ հիմա կա: Հանրային ռեսուրսներից օգտվող ՀԿ- ները պետք է ենթարկվեն պարտադիր աուդիտի: