Ս.թ. ապրիլի 26-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը մասնակցել է «Կառուցելով փոխհամաձայնություն նոր Ընտրական օրենսգրքի շուրջ» թեմայով քննարկմանը, որը կազմակերպվել է ԵՄ ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի և Ֆրիդրիխ Նաումանի անվան «Հանուն ազատության» հիմնադրամի կողմից: Սոնա Այվազյանը վարել է «4+4+4 ձևաչափով քննարկումներ» նիստը: Միջոցառմանը մասնակցել են պետական մարմինների, ընտրական օրենսգրքի վերաբերյալ 5 կետերի տակ ստորագրած 13 կուսակցությունների, ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացրած ՀԿ-ների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Քննարկվել են 4+4+4 ձևաչափով բանակցությունների առաջարկները, ներկայացվել են ընդդիմության և քաղաքաքացիական հասարակության՝ քննարկումներից հրաժարվելու մասին արված հայտարարության պատճառները, այսօրվա իրավիճակը` կապված նոր ընտրական օրենսգրքի ընդունման հետ: Քննարկման ընթացքում կոչ է արվել քաղաքացիական ուժերին և միջազգային կառույցներին՝ համախմբվել ու պայքարել այն կետերի շուրջ, որոնք կարող են հիմք հանդիսանալ քննարկումները շարունակելու համար: Միջազգային կառույցները գնահատականներ են տվել` նշելով, որ պատրաստ են ընտրական օրենսգրքի բարելավելու համար աջակցել փոխզիջման հասնելու հարցում: Իր ելույթում ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին վերահաստատել է, որ պետք է հաշվի առնել ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ և Վենետիկյան հանձնաժողովի բոլոր առաջարկությունները, այդ թվում` նախկինում անպատասխան մնացածները:

Քննարկման ընթացքում քաղաքական ու քաղաքացիական ուժերի ներկայացուցիչները քննադատել են իշխանություններին` այս հարցում որդեգրած անզիջում դիրքորոշման համար, և ներկայացվել են հիմնավորումներ, թե ինչու պետք է բարելավվի ընտրական օրենսգիրքը, հաշվի առնելով Հայատանում այսօրվա ներքին լարվածության համատեքստը:

Տես նաև ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի մամուլի հաղորդագրությունը: