1in.am-ին տված հարցազրույցում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը անդրադառնում է գնումների ոլորտին, որը լուրջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Առաջին հայացքից լինում են ուռճացված գներով ապրանքների կամ ծառայությունների գնում, ինչը տեղիք է տալիս հարցնելու, թե ինչու պետք է այդքան գումար հատկացվի: Պատճառաբանություններն էլ լուրջ չեն բերվում կամ ընդհանրապես չեն բերվում: Չի բացառվում, որ այն որոշակի շահերի սպասարկելուն է ուղղված: ՀՀ օրենսդրությունն ունի համապատասխան գործիքներ, որոնք կարող են հնարավորություն տալ կոռուպցիոն ռիսկերը բացահայտելու, որոշակի խախտումներ ի հայտ բերելու և պատժելու: Բայց դա քաղաքական կամքի առկայության և պրոֆեսիոնալիզմի խնդիր է:

Օրինակ, «Հայկական ժամանակում» նշված է, որ թանկարժեք ավիատոմսեր են պատվիրվել: Եթե կա քաղաքական կամք, պետք է ուսումնասիրվի, և եթե գտնվեն խախտումներ, դա կարող է հիմք լինել պարզելու, որ բյուջետային միջոցների մսխում է եղել՝ իրականում կարելի էր էժան գնով այդ տոմսերը ձեռք բերել, բայց ձեռք են բերվել ավելի թանկ գնով: Հնարավոր է նաև, որ ՀՀ իրավապահ մարմիններն այդ տեխնոլոգիային չեն տիրապետում, որպեսզի կարողանան բացահայտել այդ տիպի հանցագործությունները կամ զանցանքը: Հաշվի առնելով այս երկրի աղքատությունը, այդպիսի ծախսեր անելը հանցագործություն է: Պետք է բյուջեի թալանը բացառվի:

Ըստ Վարուժան Հոկտանյանի՝ ամեն ինչ սկսվում է նորմալ ընտրություններից: Եթե ունենաք նորմալ ընտրություններ, բնականաբար, հանրությունը չի ների այդ ամենը և դեմ կքվեարկի: Հիմքեր չկան ենթադրելու, որ դա արվում է առանց վերևների գիտության և նույնիսկ մասնակցության: Սկզբի համար ուղղակի պետք է պատժելիություն ապահովվի և այս անպատժելիության մթնոլորտը հաղթահարվի: Այն երկրում չենք, որ տեսնենք լուրջ բացահայտումներ, իսկ եթե տեսնում ենք, պարզվում է, որ այնտեղ ուրիշ հաշիվներ են եղել:

Մեզ մոտ թղթով ամեն ինչ կարգին է, թղթով զինվորները լավ սնվում են, լավ հագնված են: Բայց պարզվում է, որ դա այդպես չէ, ինչը ցույց է տալիս, որ մենք պետական մտածելակերպ չունենք: Նրանք, ովքեր որոշումներ ընդունողներ են կա՛մ մեզ են խաբել, կա՛մ նաև իրենք իրենց են խաբել, թե պատերազմ չի լինի, պատկերացնելով, որ Ադրբեջանի ղեկավարությունն իրենց նման թալանում է, և հավերժ կունենանք status quo-ի պահպանումը: Պետք է չմոռանալ, որ հարևան երկիրն ունեցել է այնպիսի նավթային եկամուտներ, որ իրեն թույլ է տվել տարիներով ունենալ մեր պետական բյուջեից մեծ ռազմական բյուջե, այսինքն՝ ռազմական ծախսերն ավելի շատ են, քան թե մեր ողջ բյուջետային ծախսերը: