Ոստիկանությունը դատախազության հանձնարարականով սկսել է ուսումնասիրել՝ արդյո՞ք իրականությանը համապատասխանում են Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանի՝ պանամյան օֆշորային բիզնեսների վերաբերյալ «Հետք» կայքի հրապարակած տվյալները: Իսկ Միհրան Պողոսյանը հրաժարական է տվել ս.թ. ապրիլի 18-ին: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Թրանսփարենսի ինթերնեշընլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը բազմիցս քննադատված պաշտոնյայի հրաժարականը չի համարում կոռուպցիայի դեմ իրական պայքարի արդյունք:

«Մեկ անգամ չէ, որ Հայաստանի պաշտոնյայի անունը կապվում է օֆշորային սկանդալների հետ, բայց որևէ մեկը չի ասել՝ ներողություն, որ ես անվանարկեցի իմ երկիրը և դարձա միջազգային ԶԼՄ-ների թիրախը: Ընդհակառակը, մենք տեսել ենք ավելի ցինիկ վարքագիծ հանրության նկատմամբ, քամահրանք նրա կարծիքի վերաբերյալ, և ավելի հաջող պաշտոնավարումներ՝ մեկ պաշտոնից ազատվում էին, նշանակվում էին ավելի բարձր պաշտոնի: Պահն էր ավելի պատեհ, հարմար էր ցույց տալու համար, որ պետությունը պարտաստակամ է կոռուպցիայի դեմ պայքարելու: Ես ավելի շատ հակված եմ մտածելու, որ ուղղակի, այս պատեհ պահն օգտագործելով, պետք էր որևէ մեկին զոհել՝ իրենց դեմքը մաքրելու համար», - «Ազատության» հետ զրույցում ասել է Տիգրանյանը:

«Այս հրաժարականը որևէ կերպ չի նշանակում, թե այն հարցերը, որ բարձրացվել էին և պետական մարմինները, ուսումնասիրում են, դրանք պիտի ուղղակի ծածկվեն, կամ դրանք որևէ ընթացք պիտի չստանան: Ի վերջո պաշտոնից հրաժարվելը չի նշանակում պատասխանատվությունից ազատվել», - նշել է Հերիքնազ Տիգրանյանը:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը ապրիլի 8-ին դիմել էր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ ուսումնասիրելու այդ փաստերը, սակայն մինչև այսօր դիմումը վարույթ չի ընդունվել: