Lragir.am-ին տված հարցազրույցում տնտեսագետ Արտակ Մանուկյանը նշում է, որ Հայաստանում այսօր առկա կոռուպցիան ազգային անվտանգության խնդիր է: Նա առաջարկում է ռազմական ոլորտի գնումների համար սահմանված ավելացված արժեքի հարկը չեղյալ անել: «Դրանով կփորձենք այդ գումարների հասցեականությունն ու արդյունավետությունը բարձրացնել: Պաշտպանության նախարարության գնումները, կլինի զենք կամ այլ գույք, այսօր հարկվում են ԱԱՀ-ով, որն անուղղակի հարկ է, գնում է պետական բյուջե, իսկ այս գումարները, հայտնի է, որ անարդյունավետ են տնօրինվում»: Տնտեսագետի երկրորդ առաջարկն այն է, որպեսզի ոլորտին ուղղված բարեգործությունները նույնպես չհարկվեն ԱԱՀ-ով: Մանուկյանի խոսքով՝ այն, որ պետությունը՝ որպես սուբյեկտ, մեզ կերակրել է այն մտքով, թե ծախսերն ուղղվում են բանակին, այսօր տեսնում ենք, որ սուտ է: Այդ գումարներն ուղղվում են իշխանությունում գտնվողների սեփական հարստացմանը:

«Վերջին իրադարձությունները ցցուն կերպով մեր բոլոր հիմնախնդիրները դրեցին մեր աչքի առաջ: Եթե մենք հիմա քայլեր չձեռնարկենք, հետևանքները կարող են լինել անդառնալի: Եթե այդ նույն ԱԱՀ-ն գնում է պետական բյուջե ու հայտնվում է ինչ-որ օլիգարխի կամ պաշտոնյայի գրպանում, եթե նախկինում դրա նկատմամբ վերաբերմունքն այդքան էլ անհանդուրժող չէր, հիմա դա այդպես չէ, նորմալ կառավարությունները պետք է ձգտեն այդ խնդիրը մինիմումի հասցնել», - եզրահանգում է Մանուկյանը:

Տես Lragir.am-ի նյութը: