Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ընտրությունների ծրագրի համակարգող Արմեն Գրիգորյանը «Մեդիամաքս» ընկերության «Երկրորդ շանս» հատուկ նախագծում, որը նպատակ ունի քննարկումեր խթանել Հայաստանի ու Հայկական աշխարհի ապագայի շուրջ, անդրադառնում է «քառօրյա պատերազմից» քաղած դասերին: Ըստ Արմեն Գրիգորյանի՝ «քառօրյա պատերազմը» ցույց տվեց, որ հայ ժողովորդի ներուժի համատեղման դեպքում հնարավոր է լուծել լայնածավալ խնդիրներ: Այն նաև հաստատեց, որ Հայաստանի միակ պաշտպանն ու դաշնակիցը հայկական բանակն է և աշխարհասփյուռ հայությունը։ Հայ ժողովրդի ուժերը համատեղելու լավագույն գործիքը ժողովրդավար Հայաստանն է:

Արմեն Գրիգորյանի հավաստմամբ՝ Հայաստանի արագընթաց ժողովրդավարացումը հայկական աշխարհի ձևավորման և զարգացման հիմնական գրավականն է, իսկ ժողովրդավարացման առաջին պայմանը՝ ազատ և թափանցիկ ընտրությունները։ Հենց ազատ և թափանցիկ ընտրությունները կարևոր պայման կհանդիսանան հանրության աջակցությունն ու վստահությունը վայելող իշխանության ձևավորման գործում, որը թույլ կտա փոխել ներկայիս իրավիճակը։ Հայաստանում վստահության մթնոլորտի փոփոխությունը կբերի նրան, որ Սփյուռքում և Արցախում ևս կբարձրանա վստահությունը Հայաստանի իշխանության նկատմամբ, որը թույլ կտա ավելի խոշոր համահայկական ծրագրեր նախագծել։

«Վստահության մթնոլորտը կարևոր է նաև տնտեսության զարգացման համար, որն իր հերթին կազդի Սփյուռքից Հայաստան ներդրումների աճի վրա, իսկ տնտեսական ներդրումները ավելի ուժեղ կապ կհաստատի Սփյուռքի և Հայաստանի միջև: Պետք է երկրորդային պլան մղվի ավանդական Սփյուռք-Հայրենիք կապը, որն ենթադրում է զուտ օգնություն Հայրենիքին։ Հայաստանը նաև բիզնես ծրագրեր իրագործելու համար պետք է դառնա կարևոր կենտրոն։ Բիզնես ծրագրերի իրականացումն ու զարգացումն իր հետևից կբերի նաև մշակութային և այլ ոլորտների կապերի ուժեղացմանը Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միջև», - կարծում է Արմեն Գրիգորյանը։

Տես նյութը «Մեդիամաքսում»: