Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻԱԿ) նախագահ Ամալյա Կոստանյանը մասնակցել և հանդես է եկել բանախոսությամբ Համաշխարհային բանկի (ՀԲ)` ս.թ. սեպտեմբերի 12-ին Կոնգրես հյուրանոցում հրավիրած «Կառավարում և հակակոռուպցիոն ռազմավարություն» թեմայով խորհրդակցությանը, որի ընթացքում հանրային երկխոսություն ծավալած քաղաքացիական հասարակության տարբեր ոլորտի ներկայացուցիչները հնարավորինս լայն մասնակցություն են ապահովել Համաշխարհային բանկի գործունեության ծրագրի` Հայաստանի գործընկերության քառամյա ռազմավարության մշակմանը:

Բացման խոսքով ներկաներին ողջունել է ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսը, իսկ բանախոսներ` Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ Աշոտ Խուրշուդյանը հանդես է եկել կառավարման, իսկ Ամալյա Կոստանյանը` կոռուպցիայի վերաբերյալ զեկուցմամբ: Խորհրդակցությունը վարել է պետական հատվածի կառավարման մասնագետ Դավիթ Մելիքյանը: Խորհրդակցությանը մասնակցել են նաև Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության, Երևանի մամուլի ակումբի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ԹԻՀԿ փոխնախագահ Վարուժան Հոկտանյանը: