Ս.թ. ապրիլի 4-ին «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը Երևանում կազմակերպել է հանրային քննարկում ««Բաց կառավարման գործընկերության» (ԲԿԳ) անկախ հաշվետվական մեխանիզմի առաջընթացի վերաբերյալ հայաստանյան հաշվետվությունը» թեմայով: ՀՀ կառավարությունն 2016 թ. հունիսին կավարտի ԲԿԳ Գործողությունների երկրորդ (2014-2016 թթ.) ծրագրի իրականացումը և հուլիսից կսկսի իրականացնել Գործողությունների երրորդ ծրագիրը 2016-2018 թթ. համար:

Քննարկմանը բացման խոսքով հանդես է եկել «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության անդամ, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը, ով վարել է միջոցառումը:

ԲԿԳ անկախ հաշվետվական մեխանիզմի ազգային անկախ հետազոտող Արտակ Քյուրումյանը ներկայացրել է ԲԿԳ-ի անկախ հաշվետվական մեխանիզմի առաջընթացի վերաբերյալ հայաստանյան հաշվետվությունը: Նա մեկնաբանել է, թե որքանով է Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունները և գործողությունների ծրագիրը արտացոլում թափանցիկության, հաշվետվողականության և հանրային մասնակցության ԲԿԳ-ի արժեքները, որքանով է Հայաստանի կառավարությունը հետևում ԲԿԳ ընթացակարգերի պահանջներին՝ մշակելու և իրականացնելու գործողությունների ծրագիրը, որքան հավակնոտ է ՀՀ երկրորդ գործողությունների ծրագիրը, ինչպես նաև ինչ առաջընթաց է արձանագրվել ստանձնած պարտավորությունների իրականացման գործում:

Հաշվետվությունն, անդրադառնալով հանքերը քարտեզագրելուն, մասնավորապես նշում է, որ քաղաքացիական հասարակությունն ունի նման փորձ՝ հղելով Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի պատրաստած Հայաստանի հանքավայրերի շտեմարանին: Այն ինտերակտիվ եղանակով ներկայացնում է Հայաստանի հանքավայրերի տեղը ըստ մարզերի և համայնքների, տեղեկություններ է տրամադրում հանքավայրերի տեսակների՝ մետաղական կամ ոչ մետաղական, ուսումնասիրվող հանքավայրերի կարգավիճակի՝ շահագործվող կամ դադրեցված լինելու վերաբերյալ, ինչպես նաև իրազեկում է տրամադրված տարածքի չափի ըստ հա և հանքը շահագործողի անվան մասին:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը ներկայացրել է միջազգային մակարդակով ԲԿԳ զարգացումները, խնդիրները և կիրառելիությունը Հայաստանի համար: ԲԿԳ նախաձեռնության մեջ ներառվել է 69 երկիր, որ բավարարում են մինիմալ պահանջները համաձայն 4՝ ֆիսկալ թափանցիկության, տեղեկատվության մատչելիության, հանրային ծառայողների հայտարարագրերի բացահայտման և քաղաքացիների ներգրավվածության չափանիշների:

Անդրադառնալով խնդիրներին, Հոկտանյանը նշել է

  1. Որքանո՞վ իմաստ ունի ներգրավել այն երկրները, որտեղ մարդու իրավունքները կոպտորեն խախտվում են, քանի որ երբ մարդու իրավունքները խախտվում են քաղաքացիների ներգրավվածությունը դառնում է ձևական: Որոշ երկրներում էլ գործընթացը ոչ թափանցիկ է:
  2. Որքանո՞վ է իրական քաղաքացիների մասնակցությունը: Չկա քաղաքացիական հասարակության իրական ներգրավվածություն ԲԿԳ գործողությունների ծրագրի իմպլեմենտացիայի փուլում, նաև որոշումների ընդունման հարցում: Նկատվում է արատավոր պրակտիկա, երբ կառավարություններն իրենց արդեն ունեցած ծրագրերը մտցնում են որպես ԲԿԳ և փորձում են նաև այդ ծրագրերով ֆինանսավորում ստանալ դոնորներից:
  3. Անկախ հաշվետվության մեխանիզմը իրականացվում է 1-ին տարվա ավարտից հետո: Այս հաշվետվությունը պետք է լինի նախքան գործողությունների ծրագրի հաստատումը, որպեսզի գնահատվի, և երբ ավարտվում է ծրագիրը, նրա հետևությունները հաշվի առնվեն արդեն հաջորդ ծրագրով:
  4. Միջազգային և տեղական ԲԿԳ աշխատանքային խմբերը (Steering Committee) բավականին թափանցիկ չեն գործում տեղեկատվությունը ակտիվ կերպով հանրությանը ներկայացման առումով: Կայքում նիստի արձանագրությունը դնելը բավարար չէ: Չկան մեխանիզմներ, ինչպես են պետական մարմինները հաշվի առնվում քաղհասարակության դիտողությունները, առաջարկները ԲԿԳ պարտավորությունների հետագա իրականացման ընթացքում:
  5. Նկատվում է ֆինանսական աջակցության բացակայություն քաղաքացիական հասարակության մասնակիցների նկատմամբ: Երկրների մեծ մասում չկա դոնորների կողմից լուրջ հետաքրքրություն ԲԿԳ նախաձեռնության նկատմամբ:
    Աշխատանք է կատարվում, որ կոնկրետացվեն 4 չափանիշները օրենքների ու իրավական ակտերի առկայության և պրակտիկայում կիրառելու ուղղությամբ:

Քննարկման մյուս բանախոսներն էին ՀՀ կառավարության աշխատակազմի հանրային կառավարման հարցերով խորհրդատու, ԲԿԳ աշխատանքային խմբի անդամ Արամ Ասատրյանը, «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Լիանա Դոյդոյանը և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը: «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը հաջորդ քննարկումը կանցկացնի Գյումրիում ս.թ. ապրիլի 8-ին: