ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը, որը միավորում է հայաստանյան քաղաքացիական հասարակության 200-ից ավելի կազմակերպություններ, իր համերաշխությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի նոր նախագծի շուրջ քննարկումներում հանրային մասնակցության ապահովմանն ուղղված գործընթացին և ՔՀՖ ՀԱՊ անդամ կազմակերպությունների առցանց քվեարկության արդյունքում՝ միանում է ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման շուրջ քաղաքական ուժերի ներկայացրած 4+4+4 (իշխանական կոալիցիա, ոչ իշխանական կուսակցություններ և հասարակական կազմակերպություններ) ձևաչափով բանակցություններում մասնակցության պատրաստակամության մասին մի շարք ՀԿ-ների կողմից կազմված հայտարարությանը (տե՛ս ստորև)։

Հայտարարություն

Արձագանքելով ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման շուրջ քաղաքական ուժերի ներկայացրած 4+4+4 (իշխանական կոալիցիա, ոչ իշխանական կուսակցություններ և հասարակական կազմակերպություններ) ձևաչափով բանակցություններ վարելու հրապարակային առաջարկությանը՝ քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ խումբը տեղեկացնում է մասնակցության պատրաստակամության մասին: Խմբում ընդգրկված են ժողովրդավարության խթանման, մարդու իրավունքների պաշտպանության և ընտրական գործընթացների վերահսկողության ոլորտներում փորձառու հասարակական կազմակերպությունները, որոնք նաև հանդես են եկել Ընտրական օրենսգրքի նախագծի հրապարակային քննադատությամբ ու կառուցողական առաջարկություններով:

Ընտրված թեկնածուները ստանձնելու են պատասխանատվություն՝ հանդես գալու որպես քաղաքացիական հասարակության կառույցների պատվիրակներ, և բազմաշահագրգիռ խմբում խթանելու են ոչ միայն իրենց, այլև այլ հասարակական կազմակերպությունների ընդհանուր համաձայնությանն արժանացած առաջարկությունները՝ ապահովելով բանակցային գործընթացների հրապարակայնությունը և հետադարձ կապը քաղաքացիական հասարակության կառույցների հետ:

Քաղաքացիական հասարակության շահագրգիռ խմբի որոշմամբ՝ նշված ձևաչափով ընտրական օրենսգրքի բարելավման աշխատանքներին մասնակցելու համար առաջարկվել են 4 հիմնական և 2 փոխարինող ներկայացուցիչներ ՝ փորձելով ապահովել քաղաքացիական հասարակության կառույցների լիարժեք և արդյունավետ մասնակցությունը:

Այս հայտարարությամբ 4+4+4 ձևաչափով ընտրական օրենսգրքի նախագծի բարելավմանն ուղղված աշխատանքների համար ներքոստորագրյալ խումբն առաջարկում է հետևյալ ներկայացուցիչներին.

Հիմնական ներկայացուցիչներ`

  • Այվազյան Սոնա, «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
  • Բարսեղյան Լևոն, «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ
  • Եգորյան Տիգրան, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ
  • Զեյնալյան Արտակ, «Իրավունքի գերակայություն» ՀԿ

Փոխարինող ներկայացուցիչներ`

  • Դանիելյան Ստեփան, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ
  • Իոաննիսյան Դանիել, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

Հուսով ենք, որ տվյալ ձևաչափով համագործակցության արդյունքում ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագիծը կենթարկվի լուրջ փոփոխությունների՝ ապահովելով ներառական գործընթաց և ամբողջական փոխհամաձայնություն շահագրգիռ կողմերի միջև` նախագծում ամրագրելով հանրային վստահությունն ապահովող գործուն մեխանիզմներ: