media.am-ն անդրադարձել է Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) հայաստանյան ծրագրերին: ԲԿԳ հայաստանյան ծրագրերի մշակման աշխատանքային խումբը կազմված է ՀՀ կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից: ԲԿԳ հայաստանյան ծրագրերի մշակման աշխատանքային խմբի անդամ, Թրանսփարեսնի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի կարծիքով՝ տեղեկատվության թափանցիկությունը որպես կոռուպցիայի կանխարգելիչ մեխանիզմ շատ կարևոր է, բայց միայն թափանցիկ լինելը չի նշանակում, թե կոռուպցիա չկա: Ծրագրված է Հայաստանում 11 ոլորտների ֆինանսական գործունեության տվյալներն ինտերնետով հասանելի դարձնել հանրությանը (առայժմ՝ պետական գնումներ, առողջապահություն, կրթություն, հանքարդյունաբերություն, համայնքներ և այլն): Աշխատանքի կոնկրետ փուլերի կատարման համար կա հստակ ժամանակացույց:

Այն հարցին, թե ինչ սկզբունքով են ընտրվել այդ 11 ոլորտները, Վարուժան Հոկտանյանը պատասխանել է, որ դրանցից 7-ն առաջարկել է քաղաքացիական հասարակությունը, 4-ը՝ կառավարությունը: Օրինակ, ԹԻՀԿ-ը առաջարկել է, որպեսզի անպայման սկսվի Հայաստանի անդամակցության գործընթաց՝ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (EITI), ինչպես նաև, որպեսզի Գնումների բողոքարկման խորհրդի նիստերն առցանց հեռարձակվեն:

Ամփոփելով Բաց կառավարման նախաձեռնության՝ ավարտին մոտեցող Երկրորդ ծրագիրը, Վարուժան Հոկտանյանն ասում է, որ շատ դեպքերում Հայաստանի իշխանություններն ասես միայն ձևական բնույթ են տալիս ծրագրի գաղափարախոսությանը. «Մի կողմից կառավարությունն իր այս պարտավորությունները կատարում է, բայց չի ապահովում հանրային սեկտորի այն մասնակցայնությունը, որը պետք է լիներ: Վերջապես սկսել է աշխատանքային խմբի կանոնավոր նիստեր անցկացնել, բայց միայն նիստերով չէ, որ լուծվում են այս հարցերը»:

ՀՀ կառավարությունն այս տարվա հունիսին կավարտի ԲԿԳ Գործողությունների երկրորդ ծրագրի իրականացումը և հուլիսից կսկսի իրականացնել Գործողությունների երրորդ ծրագիրը 2016-2018 թթ.ի համար:

Տես media.am-ի նյութը: