Լրատվական ռադիոյի եթերում «Թարմ ուղեղով» հաղորդաշարի հյուրը Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն է: Նոր օրենսգրքով լինելու է քողարկված մեծամասնական, անուղղակի ռեյտինգային քվեարկություն: Ըստ Հոկտանյանի՝ չկա լուրջ ցանկություն, միտում ընդունելու քաղաքացիական հասարակության և ընդդիմության առաջարկները: Այն, ինչ սպասվում էր ՀՀ ընտրական օրենսգրքից, ունեցանք: Կա մի նախագիծ, որը առավելագույնս հեշտացնելու է վերնախավի շահերը ներկայացնող իշխող քաղաքական ուժի՝ իշխանության մեջ մնալը և որևէ կերպ չի արտացոլում քաղաքացու շահը:

Իշխանությունը նախորդ ընտրություններից 3 դաս քաղեց՝ հասկացավ, որ քաղաքացիական հասարակության կողմից ընտրությունները վերահսկելու հայտը լուրջ քաղաքական գործոն է դարձել, պարզ դարձավ, որ առանց վարչական ռեսուրսի չարաշահման ու թաղային հեղինակությունների ընտրություններում հաղթել հնարավոր չէ, գնահատեց Հայաստանից դուրս գտնվող քաղաքացիներին քվեարկության հնարավորությունը:

Բացի առանցքային ու հիմնական խնդիրներից, Հոկտանյանն անդրադարձել է այլ մտահոգիչ խնդիրների, այդ թվում որ Երևան, Գյումրի, Վանաձոր համայնքների ղեկավարներն ընտրվում են ոչ անմիջականորեն՝ ընտրողների կողմից, բողոքարկման գործընթացների հետ կապված կան լուրջ թերություններ, անկատար է նախընտրական քարոզչության ֆինանսավորման հարցը: