1in.am. ՀՀ պաշտպանության նախարարությունն արձագանքել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության «Պաշտպանության համակարգի հակակոռուպցիոն համաթիվ» 2015թ. ուսումնասիրության ՀՀ պաշտպանության համակարգին վերաբերող զեկույցին: Իսկ պաշտպանության ոլորտում գնումների և ակտիվների օտարման հարցերում կոռուպցիոն ռիսկերի գնահատման թեմատիկ ուսումնասիրությունների վերաբերյալ նախարարությունը նպատակահարմար է համարում իր դիրքորոշումը ներկայացնել ավելի ուշ, գրավոր, հանգամանալից վերլուծությունից հետո:

Ըստ ՊՆ-ի՝ «Պաշտպանության համակարգի հակակոռուպցիոն համաթիվ» 2015թ. զեկույցի բովանդակային վերլուծություններից բխում է, որ այն ոչ թե ՊՆ աշխատանքի բացասական գնահատականն է, այլ պաշտպանական ոլորտի թափանցիկության մակարդակի գնահատումը՝ կազմակերպության տեսանկյունից: «Իհարկե պետք չէ բացառել, որ որոշ գնահատականներ կարող են պայմանավորված լինել օրենսդրական բացերով, իրավակիրառ պրակտիկայի բացթողումներով, ինչպես նաև առավել համընդգրկուն սոցիալական խնդիրներով: Ուստի, զեկույցն ի գիտություն է ընդունվել ՊՆ կողմից, իսկ դրանում հայտնաբերված մի շարք ինչպես ընդհանուր մեթոդաբանական, այնպես էլ մասնավոր բնույթի բացթողումներն աշխատանքային կարգով կքննարկվեն ԹԻ ներկայացուցիչների հետ: Զեկույցում կան որոշ իրապես օբյեկտիվ փաստեր և գնահատականներ, որոնք իրավացիորեն հարուցել են փորձագետների մտահոգությունը: Պաշտպանության նախարարությունն ընդունում է, որ այդ հարցերին պետք է լուրջ ուշադրություն դարձնել և դրանց վերացման ուղղությամբ քայլեր ձեռնարկել: Ուստի, Պաշտպանության նախարարի հանձնարարությամբ զեկույցից անմիջապես հետո սկսվել են ԹԻ զեկույցում բարձրացված հարցերի լուծմանն ուղղված աշխատանքներ: Պաշտպանության նախարությունն ընդգրկված է գրեթե նույն ձևաչափով, պրոֆեսիոնալ մոտեցումներով գործող ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման նախաձեռնության շրջանակում:

Պաշտպանության նախարարությունը շնորհակալություն է հայտնում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպությանը պաշտպանական գերատեսչության առջև ծառացած խնդիրների լուծման հարցում օժանդակության նախաձեռնությունների համար և վերահաստատում է ոլորտի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերող բոլոր շահագրգիռ անձանց ու կազմակերպությունների հետ բաց ու թափանցիկ աշխատելու իր պատրաստակամությունը:

Տես 1in.am-ի հարցազրույցը: