Ս.թ. մարտի 22-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ նոր Ընտրական օրենսգրքի վերաբերյալ հանրային լսումները, որին մասնակցում էին մի քանի տասնյակ ՀԿ-ների ներկայացուցիչներ, որոնց թվում էր նաև Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ): Լսումներին զուգահեռ հրապարակվեց նաև մի շարք ՀԿ-ների միասնական պահանջները Ընտրական օրենսգրքի վերաբերյալ: Դրանք հինգն են՝ ստորագրված ցուցակների հրապարակում, մաքրում վրացական օրինակով, տեսախցիկների տեղադրում, համապետական-համամասնական ցուցակ՝ առանց ռեյտինագայինի և մատնահետքերի թանաքոտում: Լսումների և քաղհասարակության պահանջների վերաբերյալ Հայկական ժամանակը զրուցել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի հետ:

Վարուժան Հոկտանյան. «Մենք երկու նպատակ էինք հետապնդում: Առաջինը՝ որ հնարավորինս կոնսենսուսային լինեն պահանջները նաև ընդդիմադիր կուսակցությունների կողմից: Այսինքն՝ այնպիսի պահանջներ լինեն, որոնք ինչ-որ տեղ համահունչ են, որոնք չշահագրգռեն կուսակցություններին: Ընդհանուր եզրեր կար կուսակցությունների և մեր պահանջների մեջ»:

ԱԺ-ում ԸՕ-ի նախագծի վերաբերյալ լսումների հարցուպատասխանի ժամանակ անդրադարձ եղավ ՀԿ-ների առաջարկներից գրեթե բոլորին: Մի կետի հետ կապված համաձայնություն կա: Դա տեսախցիկների տեղադրման և առցանց հեռարձակման կետն է: Նույնիսկ այդ մասով Հոկտանյանը վստահ չէ, որ համաձայնության կգան, որովհետև հենց այդ պահանջի ձևակերպումը՝ տեսախցիկների տեղադրման և տեսանկարահանման, որի մասին եղել է հայտարարություն, ՀԿ-ներն ուզում են, որ դա լինի պետության պոզիտիվ պարտավորությունը, ոչ թե կազմակերպությունները կամ կուսակցություններն իրենք դնեն, այլ հենց պետությունն իր վրա վերցնի պատասխանատվություն և ինքը դնի այդ ամենը, ինքը հետևի, որովհետև մի լուրջ խնդիր կարող է լինել: Երբ որ մի կազմակերպություն կամ կուսակցություն նայի, ֆիքսի այդ ամենն ու բողոք ներկայացնի դրա հիման վրա, հետո դատարանը կամ վերադաս ընտրական հանձնաժողովը չընդունի դա. ասի՝ ապացուցողական նշանակություն չունի և այլն և այլն: Եթե դա պոզիտիվ պարտավորություն չի, այդտեղ պրոբլեմներ կան:

Իշխանությունները մյուս պահանջների վերաբերյալ մերժողական դիրքորոշում ունեն: Ըստ Վարուժան Հոկտանյանի՝ ինչո՞ւ են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն այսպիսի պահանջներ ներկայացնում, որովհետև հաշվի առնելով իրողությունները, որ ունենք բավականին թույլ կուսակցություններ, և ամենակարևորը՝ այդ թուլությունը չպետք է գցել միայն կուսակցությունների վրա, որովհետև այն համակարգը, որ ունենք Հայաստանում, թույլ էլ չի տա ուժեղ բազմակուսակցական համակարգի կայացմանը: «Մենք հիմա Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հետ իրականացնում ենք կուսակցություների ֆինանսավորման, ֆինանսական խնդիրների ուսումնասիրություն: Տվյալները շուտով պատրաստ կլինեն: Երբ որ մենք նայում ենք, բավականին տխուր պատկեր ենք տեսնում: Կուսակցություններն աղքատության մեջ են: Չի բացառվում, որ կա ստվերային ֆինանսավորոմ, որի մի մասն իշխանություններից է գալիս: Երբ նվիրատվություն անող բիզնեսմենի մոտ գալիս են ստուգումների, երբ ես 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո նայում էի, թե ինչ էր եղել, մեզ ինչ ասեց Լևոն Տեր-Պետրոսյանի հիմնադրամը ներկայացնող անձը, որ մեզ հրավիրում են ԱԱԾ, հարցնում են, թե ինչո՞ւ եք փող տվել: Հիշում եք, թե ինչ տեղի ուենցավ այն գործարարների հետ, որոնք ֆինանսավորեցին Տեր-Պետրոսյանի քարոզարշավը: Այսպիսի պայմաններում, երբ պարոն Հարությունյանը կամ պետական այլ այրեր հայտարարում են, որ ունեցեք ուժեղ դիտորդներ, ունեցեք ուժեղ վստահված անձինք և միևնույն ժամանակ նույն հանրաքվեի օրինակից ես անձամբ գիտեմ, թե ինչպիսի սպառնալիքներ են եղել վստահված անձանց, դիտորդների նկատմամբ, ինչպիսի կաշառելու փորձեր են եղել, եթե լիներ կայացած կուսակցական համակարգ, ես ըմբռնումով կմոտենայի պարոն Հարությունյանի այդ փաստարկներին, որ պետք չի ցուցակները հրապարակել քվեարկությունից հետո, որ պետք չի զտել ցուցակները և այլն, և այլն: Նույն այդ ռեյտինգայինի մասին կետը, որ ինքը չի ընդունում, որ ռեյտինգային է, բայց իրականում անուղղակի ռեյտինգային համակարգ է: Երբ որ դու ունես մեծամասնական համակարգի անուղղակի ներդրում, ընդ որում, եթե հիմա 131-ից 40-նն է մեծամասնական, այդ դեպքում 101-ից կլինի 50-ը, այս պայմաններում ասել, որ գիտեք ինչ, ապահովեք լավ դիտորդություն, վստահված անձանց հստակ աշխատանք, սա նման է նրան, որ դու չես ստեղծում պայմաններ, ահաբեկում ես ու ասում ես՝ ապահովի: Փաստարկները բավականին նորմալ են և ես այնտեղ չեմ տեսնում անիմաստ, անխելք փաստարկներ, բայց այստեղ, ինչպես մաթեմատիկայի լեզվով ասած՝ մի անհայտը բացակայում է»:

Անդրադառնալով ՀԱԿ-ի առաջարկած «4+4+4» ձևաչափի վերաբերյալ մոտեցմանը, Վարուժան Հոկտանյանն ասել է. «Ինձ համար այդ երեք գումարելիների մեջ երկրորդ գումարելին է շատ կարևոր՝ կուսակցությունները: Կարևոր է, որ լինեն խորհրդարանում ներկայացված կուսակցություններ, որոնք ունեն օրենսդրական նախաձեռնության իրավունք, այստեղ կարևոր է առաջին գումարելիի մեջ լինի ԿԸՀ-ից ներկայացուցիչ, ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից, արդարադատության նախարարությունից, եթե նրանք չլինեն, իմ անձնական կարծիքն է, «4+4+4» ձևաչափը չի աշխատի: Մեր կողմից էլ (ՀԿ-ներ, հեղ.) եկեք նայենք, թե ովքեր են ակտիվ եղել Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներում: Այո՛, կան ասենք կանանց խնդիրներով զբաղվող կազմակերպություններ, բայց իրենք բարձրացնում են կանանց հիմնահարցերը, գենդերային բալանսի խնդիրը ընտրացուցակներում և այլն: Միևնույն ժամանակ այդ ֆորմատը չի նշանակում, որ մյուսները չպետք է ներգրավված լինեն: Նրանք կարող են այդ 4 ՀԿ-ների միջոցով համապարփակ առաջարկներ ներկայացնեն, որոնք վերաբերվում են ընդհանուր գործընթացին, ոչ թե կոնկրետ ասպեկտներին: Եթե այդ չորս կուսակցությունները կան, եթե կառավարության կողմից ներկայացուցիչներ կան, կոալիցիոն կուսակցությունները կան, այդ դեպքում սա շատ օգտակար և շատ արդյունավետ ֆորմատ կլինի, հակառակ դեպքում ես անձամ շատ հոռետես եմ տրամադրված, եթե այդ ձևով չլինի»: