Հայկական ժամանակ.Ս.թ. մարտի 23-ին Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանը ուշագրավ փաստեր հրապարակեց պետական բյուջեից իրականացվող գնումների մասին: Ըստ Մանուկյանի բերած փաստերից մեկի, ՀՀ ոստիկանությունը մարդու օրգանիզմում սպիրտի պարունակությունը չափող 45 հատ սարք` «ալկոտեստերներ» ձեռք է բերել յուրաքանչյուրը մեկ միլիոն 98 հազար դրամով: Փորձագետի պնդմամբ՝ դա շատ թանկ է, եւ օրինակ Ռուսաստանում դրանց գները 4-8 հազար ռուբլի է, այսինքն՝ առավելագույնը 56-58 հազար դրամ: Թրանսփարենսի ինթերնեշնլի փորձագետը նույնիսկ կատակել էր, թե մեր ոստիկանության ձեռք բերած ալկոտեստերները երեւի ոսկեջրած են:

Ոստիկանությունը շատ արագ արձագանքեց այդ փաստին: «Փորձագետը, մեղմ ասած, թյուրիմացության մեջ է գցել հասարակությանը: 2015 թ. ոստիկանությունը ձեռք է բերել Alcovisor yupiter մոդելի պրոֆեսիոնալ, ներկառուցված տպիչով 45 հատ լրակազմ, որի գինը իսկապես 1 միլիոն 98 հազար դրամ է: Փորձագետը հեգնում է սարքի «ոսկուց լինելու» կապակցությամբ, իսկ ըստ «Լեգիոն 9» ՍՊԸ տեղեկատվության՝ այդ գնի մեջ մտնում է նաեւ սարքի հայաֆիկացումը, ՀՀ ստանդարտներին համապատասխան՝ վերածրագրավորումը պատվիրատուի պահանջով (ինչը անհնար է դարձնում միջամտությունը տվյալների բազային եւ բացառում կոռուպցիոն ռիսկերը), ինչպես եւ հարկերը, տուրքերը եւ այլ պարտադիր վճարները... Սարքը ՌԴ-ում հանդես է գալիս Алкотектор юпитер անվանումով եւ արժե ոչ թե 4-8 հազար, այլ 70 հազար ռուբլի (առանց վերածրագրավորման, հայաֆիկացման եւ համապատասխան հարկերի, տուրքերի եւ պարտադիր այլ վճարների)»,- նշված է ոստիկանության արձագանքում:

Անշուշտ, ոստիկանությունը փորձել է հերքել Թրանսփարենսի ինթերնեշնլի փորձագետի պնդումները, սակայն ստացվել է հակառակ պատկերը: Մի քիչ թվաբանություն: 70 հազար ռուբլին 1000 դոլարն է, կամ 490 հազար դրամը: ՌԴ-ից ձեռք բերելու եւ այն Հայաստան տեղափոխելու դեպքում այդ գնին ավելանում է ավելացված արժեքի 20 տոկոս հարկը: Այդ պարագայում գինը կդառնա 600 հազար: Մնաց միայն հայաֆիկացման հարցը: Եթե հավատանք ոստիկանության պնդմանը, ապա հայաֆիկացման պատճառով 600 հազար դրամանոց ալկոտեստերը դարձել է 1 միլիոն 98 հազար դրամ: Այլ կերպ ասած, հայաֆիկացումը մատակարարի վրա նստել է մոտ 500 հազար դրամ:

Եթե մեր ոստիկանությունում համարում են, որ հայաֆիկացումը արժե այնքան, որքան այդ ալկոտեստերի գինն է, ապա դա տխուր է: Եթե ոստիկանությունը գիտի, որ հայաֆիկացումը, մեղմ ասած, շատ ավելի քիչ արժե, բայց պնդում է, որ թանկ արժե, նշանակում է՝ ստում է, եւ դա ավելի տխուր է: Հայաֆիկացումը մի պարզ ծրագիր է, որը կազմելը կարող է արժենալ մի քանի տասնյակ, կամ նույնիսկ հարյուր հազար դրամ: Այդ ծրագիրը ընդամենը ուղարկվում է արտադրողին, վերջինս այն տեղադրում է Հայաստան ուղարկվելիք ալկոտեստերների մեջ: Ու այնպես չէ, որ յուրաքանչյուր ալկոտեստերի համար մի առանձին ծրագիր է գրվում: Փաստորեն իր բերած «հակափաստարկներով» ոստիկանությունը հիմնավորապես ապացուցել է փորձագետի պնդումները եւ հաստատել, որ այս գնման մեջ, մեղմ ասած, կոռուպցիոն ռիսկ կա, մանավանդ որ «Լեգիոն 9» ՍՊԸ-ն, որը մատակարարել է այդ սարքերը ՀՀ ոստիկանությանը, մասնագիտացված է կանաչապատման աշխատանքներում:

Բայց սա ընդամենը մի օրինակ է: Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը մեզ հետ զրույցում նշեց, թե խնդիրը ոչ միայն գնումների ընթացքում ծագող կոռուպցիոն ռիսկերն են, այլ նաեւ այն, որ ձեռք են բերվում շատ թանկ ապրանքներ: «Վարորդի խմածության չափը որոշող շատ ավելի էժան սարքեր կան, իրոք դրանց գինը կարող է տատանվել 50-100 դոլարի շրջակայքում: Պետք է ուշադրություն դարձնել եւ ուսումնասիրել, թե ինչու են ձեռք բերվում ավելի քան 2000 դոլարանոց սարքեր»,- ասաց պրն Հոկտանյանը:

Հարցը, մեղմ ասած, արդիական է: Իհարկե, կարելի է սպասել, որ ոստիկանությունը կրկին կբերի «հակափաստարկներ», եւ նույնիսկ կարելի է կռահել, թե ինչպիսի: Մասնավորապես, ոստիկանության ձեռք բերած 2000 դոլարանոց ալկոտեստերը սպիրտի պարունակությունը չափելուց բացի նաեւ տեղում տպում է հատուկ «չեկ» որի վրա նշված են լինում բազմաթիվ տվյալներ, եւ հետագայում դա դառնում է փաստաթուղթ, պատկերավոր ասած՝ «իրեղեն ապացույց»: Վերջում էլ խմածին օյաղացնելու է մի հատ սառը «դուշով»... Ու դա, ըստ ոստիկանությունից ակնկալվող արձագանքի, նվազեցնելու է կոռուպցիոն ռիսկերը ճանապարհային ոստիկանության հետ վարորդների շփման ժամանակ: Տեսականորեն՝ գուցե: Գործնականում դա ոչ մի նշանակություն չունի: Ժամանակին, երբ ոստիկանությունը ձեռք էր բերում թանկարժեք ավտոմեքենաներ, դրանք զինում նկարահանող թանկարժեք սարքավորումներով, կրկին պնդում էին, թե դա նվազեցնում է կոռուպցիոն ռիսկը: Բայց հիմա ճանապարհային ոստիկանի հետ «կոռուպցիոն ռիսկի» շուրջ համաձայնության գալու դեպքում այդ շատ թանկարժեք նկարահանող սարքից ձեռքի մեկ շարժումով հեռացվում է վարորդի արած խախտման տեսագրությունը:

Ուշագրավ է որ աստղաբաշխական գներով աշխարհի ամենաթանկ սարքավորումները գնելու մոլուցքով միայն ոստիկանությունը չի, որ տառապում է: Դա հատուկ է մեր կառավարությանն ընդհանրապես: Բայց սա առանձին ուսումնասիրության թեմա է: