1in.am-ի հյուրը Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հանրային գնումների քաղաքականության փորձագետ Արտակ Մանուկյանն էր: Այն հարցին, թե որքանով են թափանցիկ դարձել պետական գնումները և որքանով են նվազել կոռուպցիոն դրսևորումները անցած տարիների համեմատ, Մանուկյանը պատասխանել է, որ նախկին՝ գնումների կենտրոնացված համակարգում պատվիրատուն իր նախընտրած մասնակցի հետ պայմանագիրը կարող էր կնքել, եթե թե՛ թղթային, թե՛ Գնումների աջակցման կենտրոնի հետ խաղի կանոնների համաձայնեցման առումով բոլոր կողմերը հակված էին նույն որոշումը կայացնելու, ինչը այլ հավասար պայմաններում թանկացնում էր «ակտատի» տոկոսը, բայց նվազեցնում էր հաճախականությունը, քանի որ շատ դեպքերում ԳԱԿ-ը դիրքորոշում էր ցույց տալիս և ֆիրմաներ էին հայտնվում սև ցուցակում:

2011թ. գնումների համակարգը ապատենտրոնացվել է: Սակայն մենք չունեինք գնումների կարողություններ և ինստիտուտներ, որտեղ գնումների մասնագետները համապատասխան փորձառություններ ստեղծեն: Գնման արդյունավետության առումով ունենք լրջագույն խնդիրներ:

Արտակ Մանուկյանը անդրադարձել է հիմնական միտումներին: Կա պետական բյուջեի նկատմամբ անարդյունավետ մոտեցում՝ երբեմն պատվիրատուները ձեռք են բերում այնպիսի հատկանիշներով ապրանքներ, որոնք նրանց մեծ հաշվով պետք չեն: Դրան նպաստում է նաև այն հանգամանքը, որ եթե պատվիրատուները՝ պետական մարմինները մինչև բյուջետային տարվա ավարտը որևէ տնտեսում են ունենում և չեն ծախսում, ապա այդ գումարը պետք է հետ վերադառնա պետբյուջե: Դրա համար արտառոց գնումներ են անում տարվա վերջին եռամսյակին:

Պետական գնումներին հատկացվող գումարները ավելի արագ են աճում, քան մեր տնտեսությունն է: «Ատկատները» 20 տոկոսից դարձել են 10, սակայն ավելի հաճախակիացել են, քանի որ չկա պատժելիություն: Կոռուպցիոն գործով բաժնի պետից բարձր անձնավորություն չի բռնվել:

ՀՆԱ-ում կա ստվերայնության գնահատական, որը գումարվում է ՀՆԱ գնահատականին: Դա Հայաստանի համար տատանվում է մոտ 20-ից 30%-ի սահմաններում: Գնումների համակարգը կոռուպցիոն տեսակետից ամենազգայունն է: Հասարակության բարեկեցության վրա դրա ազդեցության չափերը և հաճախականությունը մեծ է Հայաստանում: Պետական գնումներով ձեռք բերված ապրանքները ավելի թանկ են, քան շուկայական գները: Մեկ անձից կատարվող գնումները ոչ մրցակցային են, իսկ գնումների 70%-ը մեկ անձից է: Միջնորդավորված գնումները մեծ տոկոս են կազմում:

Հետազոտությունում մոտ 30 ռիսկային գնում է առանձնացվել, որոնցից են ուժային կառույցներինը՝ ասենք Ոստիկանության կողմից 1 միլիոն 98 հազար դրամանոց 45 հատ ալկոտեստերի գնումը: