Ս.թ. մարտի 22-ին ծավալուն քննարկում էր ընթանում ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ խորհրդարանական լսումների ընթացքում: Այդ կապակցությամբ 1in.am-ը հարցազրույց է վերցրել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանից: Ըստ Տիգրանյանի՝ նախագիծը հանրության կասկածները փարատելու փոխարեն ավելի խորացնում է անվստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ և ունի մեխանիզմեր, որով հանրությանը օտարում է ընտրական գործընթացներից՝ սահմանափակելով դիտորդի, ԶԼՄ ներկայացուցչի՝ տեղամաս մուտք գործելու հնարավորությունը, իսկ մուտք գործելու պարագայում՝ սահմանափակում է դիտարկման հնարավորությունը: Պրոցեսը դառնում է ավելի փակ, անվերահսկելի, հանրության աչքից հեռու:

Այն դրույթները, ինչը ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի առանցքն ու իշխանության ձևավորման անկյունաքարը պետք է լինեն, ասենք համապետական և տարածքային ցուցակների վերանայումը, երբ հարց է բարձրացվել, որ ուղղակի չլինեն տարածքային ցուցակներ, իշխանությունները երբեք չեն ընդունի: Մինչդեռ տեխնիկական մի քանի շտկումներ կարվեն:

Քաղաքացիական հասարակությունը առաջարկվում էր լուծում տալ խնդրահարույց մի շարք հարցերի, այդ թվում՝ հրապարակայնացնել ընտրողների ստորագրած ցուցակները, վարել ընտրողների 2 ցուցակ՝ հանրապետությունում փաստացի առկա բնակչության և հանրապետությունում հաշվառված բնակչության ցուցակները, տեսանկարահանել տեղամասերը և ամբողջ օրը կենդանի հեռարձակել: Այս պահանջը չընդունելը հիմնավորում են ֆինանսական մեծ բեռով:

Սակայն, նույն հաջողությամբ, օրինակ, հիմնավորում են, էլեկտրոնային գրանցման ապարատներ կամ հետո արդյունքների հաշվման ապարատներ գնել միջազգային կառույցների դրամաշնորհներով: Մինչդեռ այդ դրամաշնորհները կարելի է ավելի արդյունավետ և հանրային վերահսկողությունը բարձրացնող միջոցների վրա ծախսել՝ տեսանկարահանում ապահովել և կենդանի հեռարձակել: