Առավոտ. Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) մշտապես խոշորացույցի տակ է պահում պետական գնումների ոլորտը: ԹԻՀԿ-ը հրապարակել է պետական գնումներում կատարած ուսումնասիրության հաշվետվությունը: Պետական գնումներում բոլոր տեսակի գնումների մեջ, ըստ գնումների աջակցման կենտրոնի 9 ամիսների տվյալների, 70%-ը կատարվել է մեկ անձից գնման ընթացակարգով: Իսկ ըստ կառավարության մեկ անձից գնումների կայքէջի՝ 2015-ին 183 միլիարդ դրամի մեկ անձից գնումներ են կատարվել: Մեկ անձից գնումն, իրականում, վատ բան չէ, եթե այն, ինչպես փաստում են փորձագետները, չլիներ Հայաստանի մենաշնորհային տնտեսությունում, եւ եթե այն չկատարվեր պաշտոնատար անձանց հետ փոխկապակցված ընկերություններից:

ԹԻՀԿ-ը ներկայացրել է այնպիսի գնումների օրինակներ, որոնք, ըստ կենտրոնի, շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի, բյուջետային անարդյունավետության, անբավարար թափանցիկության մասին են խոսում:

Օրինակ՝ Ազգային անվտանգության խորհուրդը (ԱԱԽ) պարբերաբար մեկ անձի հիմքով կանոնավոր օդային փոխադրման ծառայություններ է ձեռք բերում «Ինվենտ Սերվիս» ՍՊԸ-ից, որը, համաձայն իրենց կայքում զետեղված տեղեկությունների, զբաղվում է անշարժ գույքի կադաստրային չափագրումով եւ գեոդեզիայով: Պակաս կասկածելի չէ նաեւ այն, որ ԱԱԽ-ն մեկ անձի հիմքով աշխատակիցների վերապատրաստման ծառայություններ է ձեռք բերում միայն Երեւանի պետական համալսարան հիմնադրամից: Հակակոռուպցիոն կենտրոնի գնահատմամբ՝ կոռուպցիոն ռիսկեր պարունակող մեկ անձից մի քանի տասնյակ միլիոնի, որոշ դեպքերում նաեւ 100 միլիոնից ավելի դրամի գնումներ են կատարել Շիրակի, Արմավիրի, Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Կոտայքի, Լոռու եւ Տավուշի մարզպետարանները:

ԹԻՀԿ հաշվետվությունում տեղ են գտել նաեւ այլ պետական գերատեսչություններ՝ Ազգային ժողովի համակարգչային ծառայությունները մեկ անձի հիմքով կնքվում են Աննա Հարությունյանի հետ՝ 3 մեկ անձից գնում` 2.5 միլիոն դրամի:

Ամբողջական հոդվածը Առավոտում: