Արձագանքելով ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման շուրջ քաղաքական ուժերի ներկայացրած 4+4+4 (իշխանական կոալիցիա, ոչ իշխանական կուսակցություններ և հասարակական կազմակերպություններ) ձևաչափով բանակցություններ վարելու հրապարակային առաջարկությանը՝ քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ խումբը տեղեկացնում է մասնակցության պատրաստակամության մասին: Խմբում ընգրկված են ժողովրդավարության խթանման, մարդու իրավունքների պաշտպանության և ընտրական գործընթացների վերահսկողության ոլորտներում փորձառու հասարակական կազմակերպությունները, որոնք նաև հանդես են եկել ընտրական օրենսգրքի նախագծի հրապարակային քննադատությամբ ու կառուցողական առաջարկություններով:

Ընտրված թեկնածուները ստանձնելու են պատասխանատվություն հանդես գալու որպես քաղաքացիական հասարակության կառույցների պատվիրակներ, և բազմաշահագրգիռ խմբում խթանելու են ոչ միայն իրենց, այլև այլ հասարակական կազմակերպությունների ընդհանուր համաձայնությանն արժանացած առաջարկությունները՝ ապահովելով բանակցային գործընթացների հրապարակայնությունը և հետադարձ կապը քաղաքացիական հասարակության կառույցների հետ:

Քաղաքացիական հասարակության շահագրգիռ խմբի որոշմամբ՝ նշված ձևաչափով ընտրական օրենսգրքի բարելավման աշխատանքներին մասնակցելու համար առաջարկվել են 4 հիմնական և 2 փոխարինող ներկայացուցիչներ ՝ փորձելով ապահովել քաղաքացիական հասարակության կառույցների լիարժեք և արդյունավետ մասնակցությունը:

Այս հայտարարությամբ 4+4+4 ձևաչափով ընտրական օրենսգրքի նախագծի բարելավմանն ուղղված աշխատանքների համար համար ներքոստորագրյալ խումբն առաջարկում է հետևյալ ներկայացուցիչներին.

Հիմնական ներկայացուցիչներ`

  • Այվազյան Սոնա, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
  • Բարսեղյան Լևոն, «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ
  • Եգորյան Տիգրան, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ
  • Զեյնալյան Արտակ, «Իրավունքի գերակայություն» ՀԿ

    Փոխարինող ներկայացուցիչներ`
  • Դանիելյան Ստեփան, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ
  • Իոաննեսյան Դանիել, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

Հուսով ենք, որ տվյալ ձևաչափով համագործակցության արդյունքում ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծը կենթարկվի լուրջ փոփոխությունների՝ ապահովելով ներառական գործընթաց և ամբողջական փոխհամաձայնություն շահագրգիռ կողմերի միջև` նախագծում ամրագրելով հանրային վստահությունն ապահովող գործուն մեխանիզմներ:

«Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի Գյումրու մասնաճյուղ» ՀԿ
««Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն» ՀԿ
«Երևանի մամուլի ակումբ» ՀԿ
«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
«Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ
«Իրավունքի գերակայություն» ՀԿ
«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ
«Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ
«Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ