Lragir.am. Ընտրական օրենսգրքի այս նախագիծը նախորդի համեմատ հետքայլ է: Lragir.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, ով միացել է ԸՕ շուրջ ներկայացված միասնական առաջարկություններին:

Այն հինգ առաջարկությունները, որոնք Ընտրական օրենսգրքի շուրջ ներկայացրել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ու մի շարք կուսակցություններ, ըստ Հոկտանյանի, օրենսգրքի հիմնական մասն են, սակայն իշխանություններն անտեսել են ու չեն ներառել օրենսգրքի նախագծում:

Հիշեցնենք, որ մի շարք հասարակական կազմակերպություններ ու կուսակցություններ հանդես են եկել ԸՕ շուրջ միասնական առաջարկություններով, որոնք, մասնավորապես, վերաբերում են քվեարկությանը մասնակցած անձանց ցուցակների հրապարակմանը, ցուցակների մաքրմանը, Հայաստանից բացակայողների վերաբերյալ առանձին ցուցակ ունենալուն, մատների թանաքոտմանը, ընտրական գործընթացի տեսանկարահանմանը:

Վարուժան Հոկտանյանն ասում է, որ եթե իշխանությունները մերժեն իրենց այս առաջարկությունները, նշանակում է, որ ցանկություն ունեն հետագայում էլ կեղծել ընտրությունները: «Դրա հավանականությունը շատ բարձր է, որ հնարավոր են կեղծիքներ»,- ասաց մեր զրուցակիցը:

Նա միաժամանակ նշեց, որ չի ուզում կանխատեսումներ անել՝ իշխանությունները կընդունեն դրանք, թե ոչ: «Եկեք սպասենք, հետո նոր կարող ենք խոսել: Շատ բաներ կարող են փոխվել, կա միջազգային հանրություն և այլն, պետք է սպասել»,- ասաց նա:

Ըստ Վարուժան Հոկտանյանի՝ այս նախագիծը հստակ հետքայլ է, հատկապես դիտորդների հարցում: Հետքայլ է այն իմաստով, որ ժամանակները փոխվում են, ավելի մեծ թվով երկրներ են ավելի նորմալ ընտրություններ անցկացնում: «Ու այդ պայմաններում մենք էլի ուզում ենք այդպիսի ընտրություններ անցկացնել»,- ասաց նա:

Իշխանությունների այն հայտարարություններին, թե ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ու այլ միջազգային կազմակերպությունների առաջարկությունները մեծամասամբ ներառվել են Ընտրական օրենսգրքի նախագծում, Հոկտանյանը պատասխանեց, որ նայած, թե ինչ նկատի ունեն՝ «մեծ մաս» ասելով: Միգուցե քանակական իմաստով առաջարկությունների մեծ մասը հաշվի են առնվել, բայց կան հիմնական մի քանի առաջարկություններ, որոնք հաշվի չեն առնվել:

Միաժամանակ, Վարուժան Հոկտանյանն ասաց, որ այստեղ կարևորն այն հարցն է, թե իդեալական օրենսգիրք ունենալու դեպքում ամեն ինչ հա՞րթ կընթանա, կեղծիքներ չե՞ն լինի: Նա բերեց 1990-ականների օրինակը՝ նշելով, որ չի ասում, թե այն ժամանակվա իշխանությունները քաղաքական կամք ունեին, բայց գոնե իշխող ուժը չէր փորձում ամեն գնով կեղծել:

«Ես եղել եմ վստահված անձ, այդ տարբերությունը շատ լավ զգացել եմ: Այն ժամանակ մթնոլորտը լրիվ ուրիշ էր: Չասեմ, թե այն ժամանակ քաղաքական կամք կար կոմունիստների կողմից՝ անցկացնելու նորմալ ընտրություններ, բայց կարծես թե քաղաքական կամք կար չխանգարելու: Այսինքն՝ ինչ լինում է, թող լինի»,- ասաց նա:

Հոկտանյանի խոսքով՝ եթե այն ժամանակվա Ընտրական օրենսգիրքը հիմա փորձենք կիրառել, դա ուղղակի ծիծաղելի կլինի, որովհետև այնտեղ այնպիսի սողանցքներ կային, այնպիսի հնարավորություններ կային խախտումներ կատարելու, որ անհնար էր հիմա կիրառել:

«Կարևորը իշխանությունների քաղաքական կամքն է, եթե չկա այդ կամքը, դու կարող ես ունենալ իդեալական օրենսգիրք, ցանկացած օրենք, ոչինչ չի փոխվի, եթե չկա այդ կուլտուրան», ընդգծեց նա: